կարևոր
682 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-24 17:23

ՔՊ պատգամավորներին հորդորում եմ չմիջամտել ՏԻՄ մարմինների անկախությանը. Վահե Դոխոյան

ՔՊ պատգամավորներին հորդորում եմ չմիջամտել ՏԻՄ մարմինների անկախությանը. Վահե Դոխոյան

Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝  Վանաձոր խոշորացված համայնքի «Հայրենիք» խմբակցության մասին հայտարարությանը։

Վահե Դոխոյանի տարածած հայտարարության մեջ ասվում է

«Ավագանու նիստի հրավիրումն ապօրինի էր, իսկ մեր չմասնակցելու արդյունքում կանխվել է ապօրինության շարունակականությունը:

Մասնավորապես՝

1) «Հայրենիք» կուսակցությունը և Ավագանու խմբակցությունը հավատարիմ է իր  սկզբունքներին, պահպանելու է օրինականությունը, որն էլ պիտի երաշխավորի վանաձորցիների լավ ապրելու հնարավորությունը: Մենք իշխանությանը թույլ չենք տալու վանաձորցիների հույզերի վրա խաղալով մեր սիրելի բնակիչներին մոլորեցնել: Մենք ամեն բան ձեռնարկելու ենք, որպեսզի Վանաձոր խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակչի քվեն պահպանվի և մեր սիրելի համայնքցիների կատարած ընտրությունն իրականություն դառնա:

2) Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչներն իրացնելով Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին կանոնը՝ ընտրել են ավագանի, որին էլ պատվիրակել են համայնքի ղեկավարին ընտրելու լիազորությունը: Սակայն իշխանության կողմից բացահայտ ցինիզմով և առանձնահատուկ դաժանությամբ յուրացվել է մեր բնակիչների իշխանությունն իրականացնելու Սահմանադրության անփոփոխելի հոդվածով տրված իրավունքը:

3) Քանի դեռ ավագանու կամքին հակառակ, ավագանու առաջին նիստով ավագանու կողմից ընտրված չէ համայնքի ղեկավար, ձևավորված չէ խոշորացված համայնքի կառուցվածքը, գնահատված չէ խոշորացված ամբողջ համայնքի առաջնահերթությունները, ավագանին իրավունք չունի քննարկել և հաստատել այլ որոշումներ, այդ թվում համայնքի բյուջեն և որևէ սուբվենցիոն հատկացումներ: Այդպիսի որոշումները կլինեն ապօրինի և անվավեր, որի հետևանքները կկրեն դրանց հաստատողները: «Հայրենիք» խմբակցությունը որևէ դեպքում չի պատրաստվում հանցակից դառնալ Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու իշխանական խմբակցությանը:

4) Որևէ մեկը, այդ թվում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, իրավունք չունի ավագանու «Հայրենիք» խմբակցության անդամի փոխարեն ընտրել համայնքի ղեկավար, որը նա արել է ՏԻՄ օրեքի ապօրինի փոփոխությանը կողմ քվեարկելով:

5) Ավագանու նիստերի կայանալուն խոչընդոտում է բացառապես քաղաքական իշխանությունը՝ իրեն ենթակա դարձրած դատարանի միջոցով: Դատավորի ձեռամբ է ապօրինի արգելվել ավագանուն ընտրելու համայնքի ղեկավարին, ինչն էլ անհնարին է դարձրել ավագանու կողմից բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի հաստատման հնարավորությունը: Հետևաբար՝ Վանաձորի զարգացմանը խոչընդոտում է բացառապես իշխանությունը:

6) Դատարանի կողմից ապօրինի դրված արգելանքը վերացվելուց հետո Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը մասնակցելու է ավագանու նիստերին, ընտրելու է համայնքի ղեկավար և ապահովելու է ավագանու օրինական և բնականոն գործունեությունը՝ շարունակելով ծառայել մեր սիրելի համայնքին։

7) Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատարին նշանակողը նշանակել է օրենսդրության կոպիտ խախտումներով, ՏԻՄ ինքնիշխանության սկզբունքի ոտնահարմամբ:

Տեղական ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված է Սահմանադրությամբ, ուստի ՔՊ պատգամավորներին հորդորում եմ չմիջամտել ՏԻՄ մարմինների անկախությանը և ձեռնպահ մնալ համայնքը քայքայելու գործողություններից»։