կարևոր
529 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-24 15:31

Ճշտի ու սխալի անատոմիա, կամ ինչն է լավ, ինչը վատ․ Արթուր Ղազինյան

Ճշտի ու սխալի անատոմիա, կամ ինչն է լավ, ինչը վատ․ Արթուր Ղազինյան

Մանուկ տարիքից մեր ծնողները, դպրոցի ուսուցիչները, հանրային քարոզչությունը մեզ սովորեցնում էին ինչն է ճիշտ, ինչը սխալ, բերում էին կյանքից օրինակներ, նկարում էին մուլտֆիլմեր, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Իմ հասակակիցները կարողանում էին տարբերել լավը վատից, ճիշտը սխալից, ունեին կյանքի ու վարքագծի կոդեքս, որտեղ գրված էին ընդհանուր կանոններ, սկզբունքներ ու արժեքներ:

Իսկ հիմքում դրված էր ճիշտը սխալից տարանջատելու կարողությունը, իրողություններն ու երևույթները սթափ ու օբյեկտիվ գնահատելու ունակությունը: Դրանով էինք ապրում, ընկերություն անում, վիճում, կռվում, հետո ճիշտ ու սխալ էինք անում ու հաշտվում:

Իսկ ի՞նչ ունենք հիմա:

Հանրային վարքագծի նորմերի, կանոնների ու սկզբունքների բացակայություն, լավն ու վատը չտարբերելու, ճիշտն ու սխալը չհասկանալու, նույնն է թե «ով ինչ ուզում խոսումա, ով ինչ ուզում անումա» իրավիճակ:

Ոչ մեկ պատասխան չի տալիս իր խոսքերի ու գործողությունների համար, ամենամեծ ստորությունն ու անբարոյականությունը ներկայացնում են որպես նորմալ ու բնական երևույթ, ամենամեծ սուտը վաճառվում է որպես պարզ ճշմարտություն:

Դադարել ենք գնահատել իրողություններն ու երևույթները ռացիոնալ դիրքից. եթե այդ երևույթը կամ իրողությունը ինձ հաճելի է, կամ համընկնում է իմ հոգեվիճակին ու համոզմունքին, ուրեմն դա ճիշտ է, իսկ եթե ոչ, ապա լկտի սուտ է: Ստախոսությունը, բանսարկությունը, կեղծավորությունը դարձել են կյանքի նորմա, թույնի պես վարակել ու քայքայում են մեզ ներսից:

Անպատասխանատվության միջավայրը, բանսարկության ու հայոհախոսության անպատժելիությունը նոր դաշտ են բացել սրիկաների ու սրբապիղծերի համար, սնկի պես աճել են, ինքնադրսևորվում են ամենուր, հայհոյում ու զրպարտում են աջ ու ձախ, իսկ մարդիկ ծափ են տալիս նրանց, ցնծում ու փառավորվում են հայհոյանքների տեղատարափից:

Եթե արագ խելքի չգանք, չմերժենք այս կեղտը, չդատապարտենք այս անբարոյականությունն ու անպատասխանատվությունը, «սոդոմ - գոմոր» հիշեցնող այս իրավիճակը կկործանի մեզ, բոլորիս, անկախ դրա նկատմամբ մեր վերաբերմունքից:

Հ.Գ. Հատուկ ցանկանում եմ նշել, որ մեր ժողովրդի մեծամասնությունը չի ընդունում այս վիճակը, լուռ է, չի խառնվում այս խեղկատակությանը, մաս չի դառնում այս մոլեգնող անբարոյականությանը:

Գլուխները կախ իրենց գործն են անում, աշխատում են, տուն ու պետություն են պահում ու ամրացնում:

Նրանք կան, մեր մեջ են ու շատ են: Նրանք սպասում են իրենց ժամին, որ ոտքի կանգնեն ու ասեն իրենց վճռական ու որոշիչ խոսքը: