կարևոր
418 դիտում, 6 օր առաջ - 2022-06-24 13:52

Հանրայինից՝ հանրությանը. վտանգավոր ուղերձներ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ

Հանրայինից՝ հանրությանը. վտանգավոր ուղերձներ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ

Օրերս նախագահ Վահագն Խաչատուրյանը հանրայինի եթերում էր։ Պատկերը, մեղմ ասած, տխուր էր։ Փորձենք առանձնացնել այդ տխրահռչակ հարցազրույցից մի քանի քանի դրվագ: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Արամ Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Պետրոս Ղազարյանը հարց է ուղղում նախագահին. «Ընդդիմությունը թեզ ունի, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դուք համաձա՞յն եք սրա հետ»: Սրան ի պատասխան նախագահը պատասխանում է, որ «պետք է ելնել իրականությունից», և որ պիտի մեզ համար «մանևրելու տեղ» թողնենք:

Եկեք արձանագրեք, որ ՀՀ նախագահը, Հանրային հեռուստաընկերության եթերում, որևէ կերպ չի կարողանում հայտարարել, որ իր հարյուր հազարավոր հայրենակիցներ՝ իր հետ նույն կապույտ անձնագիրը կրողներ, չեն ապրելու իրենց ոչնչացումը ազգային նպատակ հռչակած և մինչև ատամների ծայրը միլիտարիզացված Ադրբեջանի կազմում: Ի՞նչ մանևրելու մասին է խոսքը, պարոն նախագահ, երբ ձեր ադրբեջանցի գործընկերը ոչ միայն հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, նման հարց գոյություն չունի, այլև՝ արգելում է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ»անվանումը և հայտարարում, որ միջնորդները անելիք չունեն։ Ո՞ւմ ես ինչի տեղ դնում։

Իսկ հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի խոսակցության ձայնագրությունը, պատասխանում է, որ չի ուզում մեկնաբանել այդ դեպքը՝ հավելելով միայն, որ հաճելի դեպքերից չէ: Այսինքն՝ երկրի նախագահը բացարձակապես ոչ մի ասելիք չունի ԲԴԽ նախագահի կողմից սահմանդրությամբ արձանագրված՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների անջատ լինելու կարևորագույն  դրույթի ջախջախման, իրավական բեսպրեդելի և ուղղակի խուլիգանական վարքագծի մասին: Գուցե, իր վաղեմի ընկերոջ և թիմակցի օրինակին հետևելով, նա նույնպես չի մեկնաբանում «հացի սեղանի շուրջ» խոսվածը:

Երբ Երևանում բազմահազարանոց ցույցեր էին, նախագահ Խաչատուրյան ձկան պես լուռ էր, ասելիք չուներ։ Հետո աշխատակազմը հայտարարեց, թե նախագահը ուշադիր հետևում է իրադարձություններին։ Երկրի ներքին կյանքը նախագահի համար ներկայացո՞ւմ է, ինչ է, որ ուշադիր հետևի։

Օրեր առաջ էլ մեր նախագահը գովաբանում և հիանում էր ներքին զորքերի և ոստիկանության պրոֆեսիոնալիզմով ու գործողություններով: Եկեք փաստենք, որ մարտի 1-ը և դրա «զոհ» լինելը իրենց  քաղաքական բրենդը դարձրած քաղաքական թիմի կարկառուն անդամը հիանում է երիտասարդ աղջիկների ծեծով, տարեց մարդկանց ենիչերու դաժանությամբ «քացու տակ տվող» ոստիկաններով, հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում, խաղաղ ցուցարարների վրա լուսաձայնային նռնակների կրակոցի արդյունքում տասնյակ ծանր վիրավորվածներ ունենալու փաստով և ոստիկանական անարխիայով:

Հարցազրույցի ընթացքում Վահագն Խաչատրյանն ասաց, որ պետք է, բացասական երևույթներից բացի, նաև խոսել իրենց իշխանության  կատարած դրական գործերից: Ասելով, որ «30 տարի Հայաստանի փողոցները չեն ասֆալտապատվել, իսկ իրենք երեք տարում ասֆալտապատեցին»: Թարգմանաբար՝ ՀՀ նախագահը ՀՀ քաղաքացիններին առաջարկում է մոռանալ 5000 զոհերին, տասնյակ հազարավոր վիրավորներին, հազարավոր խեղված ընտանիքներին, ընկած Շուշին և պարզապես տապալված Արցախը և ուրախանալ ասֆալտապատված փողոցներով:

Հ.Գ. Վերջում կուզեմ մեկ հարց հղել երկրի թիվ մեկ ինտերվյուերին. ինչպե՞ս կարելի է ողջ հարցազրույցի ընթացքում չհարցնել Վահագն Խաչատրյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը նրա կողմից հնչեցված  «Իրականում մենք ցանկանում էինք ավելի վաղ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, և ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին կանգնեցնելու, մենք այդ մասին զրուցել ենք  նաև Սերգեյ Վիկտորովիչի հետ», մտքի մասին:

Ինչպե՞ս կարելի էր չհարցնել. վերջը ո՞վ խանգարեց, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարի։ Ալիևն ասում է՝ ես կողմ էի, Պուտինն ասում է՝ ես էլ, ՀՀ նախագահն ասում է, որ տեղյակ է դրա մասին ու շնորհակալություն հայտնում Պուտինին։ Բա լավ, ո՞վ խանգարեց, որ չստացվեց կանգնեցնել պատերազմը»։