ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան կոնկրետ առաջարկներ ունի Բաքվին և Երևանին սահմանների հարցում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մենք պատրաստ ենք խորհրդատվական ծառայություններ տրամադրել սահմանզատման և սահմանագծման համար Ադրբեջանում և ՀՀ-ում ստեղծված երկու հանձնաժողովների գծով։ Կան կոնկրետ առաջարկներ»,-ասել է Լավրովը և հավելել, որ հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը որոշակի առաջընթաց է գրանցել։
«Համաձայնեցման ենթակա հարցերը քննարկում ենք հայկական կողմի հետ։ Ընդհանուր պատկերացում է ձևավորվում, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ եղանակով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն»,-ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը կաջակցի այդ աշխատանքին արդյունքի հասնելու համար և հուսով է, որ դա շուտով տեղի կունենա։