կարևոր
970 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-23 21:03

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1. Ուկրաինայում պատերազմի 120-րդ օրը պաշտոնական Կիեւը հայտարարում է, որ ռուսական ուժերը շուտով կարող են շրջափակել Սեվերոդոնեցկն ու Լիսիչանսկը՝ կտրելով քաղաքներն Ուկրաինայի մնացած հատվածից: Նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ դարձյալ մեղադրել է Մոսկվային Դոնբասը ոչնչացնելու փորձերի համար՝ հորդորելով Արեւմուտքին արագացնել զենքի մատակարարումները: 
2. Ուկրաինան լավ լուրերի է սպասում Բրյուսելից: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է՝ վստահ է, որ մեկնարկած երկօրյա գագաթաժողովի արդյունքում Ուկրաինային, նաեւ Մոլդովային պաշտոնապես կտրվի Եվրամիության անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, այն, ինչ երկար ժամանակ պահանջում է Կիեւը: Վերջնական անդամակցությունը, ամեն դեպքում, կարող է տարիներ տեւել: 
3. Եվրամիությունից նեղսրտած ու հիասթափված է Վրաստանը: Այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ Վրաստանն ավելի շատ էր արժանի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն, քան Ուկրաինան ու Մոլդովան: Ղարիբաշվիլին նշել է, որ ոչ մեկի հաջողությանն, իհարկե, չի նախանձում, բայց, միեւնույնն է, երեք երկրներից ամենաարժանին, իր կարծիքով, հենց Վրաստանն էր: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորրելը Թբիլիսիին կոչ է արել չհիասթափվել եւ շարունակել լուծել խնդիրները: Վրաստանը Եվրամիության անդամակցության հայտ էր ներկայացրել Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ միասին: 
4. Իրանի նախագահը հյուրընկալել է Ռուսաստանի արտգործնախարարին եւ հորդորել ակտիվ լինել աշխարհի ցանկացած մասում ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնման փորձերի ֆոնին, այդ թվում՝ Արեւմտյան Ասիայում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Արեւմուտքի հետ առճակատման փուլում գտնվող Ռուսաստանն ու Իրանը կարող են համագործակցել անգամ պատժամիջոցների պայմաններում: Սա էլ Թեհրանում հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ 2 երկրների միջեւ գործում են հուսալի սխեմաներ, որոնք թույլ են տալիս աշխատել էներգետիկայի ոլորտում: 
5. Գերմանիայում կապույտ վառելիքի ճգնաժամ է: Պաշտոնական Բեռլինն ակտիվացրել է, այսպես կոչված, «տագնապային ռեժիմը»՝ բնական գազի պաշարների սղության պատճառով: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանից կապույտ վառելիքի մատակարարումների կրճատման հետեւանքով՝ երկրում գազի դեֆիցիտ է: «Գներն այսօր արդեն իսկ բարձր են ու պետք է պատրաստվել հետագա թանկացումներին»,- ասել է Ռոբերտ Հաբեկը՝ հավելելով, թե Մոսկվան գազն օգտագործում է որպես զենք՝ ի պատասխան Եվրամիության պատժամիջոցների: 
6. Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան հայտարարում են համագործակցության նոր դարաշրջան բացելու վճռականության մասին: Ռեջեփ Էրդողանը Անկարայում ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմադ բին Սալմանին, որին դեռ 4 տարի առաջ անուղղակիորեն մեղադրել էր սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը պատվիրելու համար: 2018-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի տարածքում Խաշագջիի սպանությունից հետո Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները կտրուկ վատացել էին: Այսօր դա արդեն անցյալում է:

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը