ՀՀԿ-ն, կարծես թե, դեռ մնում է խորհրդարանում: Կուսակցությունը շնորհակալ է գործընկեր «Հայրենիքին», բայց իր սեփական մարտավարությունն ունի. փակագծերը մեզ հետ զրույցում Արմեն Աշոտյանը մի փոքր բացում է:
Նպատակը նույնն է, ուղիները՝ տարբեր: Այսպես է Արթուր Վանեցյանը բնութագրում իր ու «Դիմադրություն» շարժման հետագան: Անվտանգ երկրում արժանապատիվ ապրելու նպատակի համար խորհրդարանական լծակները Վանեցյանը պիտանի չի համարում:
«Պատիվ ունեմ»-ից կմնա միայն խմբակցության անունը: 2021-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձեւավորված դաշինքը լուծարվում է: «Հայրենիք» կուսակցությունը՝ Վանեցյանի գլխավորությամբ, լքում է խորհրդարանը, իսկ այս ուժի քվոտայով օրենսդիր եկած անկուսակցականներն ազատ են իրենց որոշումներում:
«Հայրենիք»-ի քվոտայով խորհրդարանում միակ անկուսակցականը Թագուհի Թովմասյանն է: Պատգամավորը ժամանակ է ուզել՝ մտածելու համար:
«Հայրենիք» կուսակցության անդամները նաեւ նախընտրական ցուցակից են դուրս գալու: Այստեղ համարով հաջորդը անկուսակցական Մարտուն Գրիգորյանն ու Թեհմինա Վարդանյանն են: Մանդատները կարող են նրանց փոխանցվել, եթե համաձայնեն: Գրիգորյանը մեր զանգերին չպատասխանեց, իսկ Վարդանյանը դեռ որոշում չունի:
Արթուր Վանեցյանը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն էր: Առայժմ անհայտ է՝ ով կփոխարինի նրան այդ պաշտոնում: Խմբակցությունից ասում են՝ դեռ քննարկում չեն ունեցել:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում