կարևոր
1153 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-22 23:07

Մոսկվան չի հավատում ԵԱՀԿ Մինսկի խմբին ԱՄՆ-ի հավատարմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պաշտոնական Մոսկվան չի հավատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին հավատարիմ մնալու՝ Վաշինգտոնի հայտարարությունների անկեղծությանը: Այսպես, բառացի արձագանքում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: 
Քերըն Դոնֆրիդը՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը, օրեր առաջ Երեւանում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, թե ընկալումը, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, Վաշինգտոնը դադարեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացը, ճշգրիտ չէ եւ Նահանգները պատրաստ է այս հարցում համագործակցել Ռուսաստանի հետ: 
Մարիա Զախարովան հակադարձում է՝ եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարեւորեին Մինսկի խմբի եզակի միջնորդական ձեւաչափը, ապա չէին արհամարհի անդամ բոլոր երկրների հավանությանն արժանացած մանդատը: 
Զախարովան կարծում է, թե Արեւմուտքն, ինչպես միշտ, այս հարցում էլ հաշվարկն այնպես էր արել, որ Ռուսաստանը մեկուսացվի, բայց սխալվել են: Հետո պնդում է, որ Ռուսաստանն ամենաշատն է հետաքրքրված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ: 
Ադրբեջանը խոսում է խաղաղությունից, բայց օրերս ադրբեջանական զինուժի կրակոցից նորից հայ զինծառայող է զոհվել: Այս դիտարկմանը՝ Զախարովան պատասխանում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ որոշ շրջաններում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը, ծագող խնդիրները հաստատում են սահմանազատման հանձնաժողովի լիարժեք եւ կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը: Ռուսաստանը պատրաստ է ամենամոտ ապագայում Մոսկվայում անցկացնել սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը, ինչի մասին կողմերը պայմանավորվել են դեռ մայիսի 24-ին: 

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը