կարևոր
562 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-22 11:51

Փարիսեցիություն․ «Հրապարակ»

Փարիսեցիություն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Կարելի է հպարտանալ ազատ ու արդար ընտրություններով, քանի դեռ դու ՏԻՄ ընտրությունների արդյունքները չես ոտնահարել եւ ընտրված համայնքապետերին բերդերը չես լցրել, որ քո ուզած «ականերին» ու «կոկորդիլոսագետներին» համայնքապետ կարգես: Կարելի է հպարտանալ, որ վերացրել ես զանգովի արդարադատությունը, քանի դեռ ԲԴԽ նախագահիդ պաշտոնակատարը չի խոստացել գործը փակել` հրաժարականի դիմումի դիմաց: Կարելի է խոսել դատական բարեփոխումների, վեթինգի, դատարանների անկախության մասին, քանի դեռ դու դատարանների դռները չես շրջափակել եւ քեզ համար անցանկալի որոշումներ կայացնող դատավորներին չես պատժել ու լիազորությունները դադարեցրել

Կարելի է խոսել բարեվարքության կանոնների անհրաժեշտությունից, քավորապետությունը վերացնելուց, մասնագիտական որակյալ կադրեր նշանակելուց, քանի դեռ Գրիգոր Մինասյանին ու Կարեն Անդրեասյանին չես կարգել արդարադատության նախարարության գլխին, Քրիստինե Գրիգորյանին ՄԻՊ չես նշանակել, իսկ Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազի թեկնածու չես հռչակել: Կարելի է խոսել պետական բյուջեն մսխելու եւ թալանելու անթույլատրելիությունից, քանի դեռ քո ավտոպարկը չես համալրել զրահապատ ու թանկարժեք մեքենաներով, միլիարդների հասնող պետական պարտքեր չես կուտակել, թիկնապահներիդ բանակը չես տասնապատկել, ոստիկանությունը չես ուռճացրել:

Կարելի է խոսել պառլամենտական կառավարումից, բուհերի ինքնավարությունից, պետական համակարգի բնականոն աշխատանքից, քանի դեռ պառլամենտը չես վերածել կոճակ սեղմող ու հրահանգով խոսողների խմբակի, բուհերի գլխին չես կարգել քո մարդկանց: Կարելի է խոսել Հայաստանի ապագայից ու բարգավաճումից, եթե երկրի տարածքը չես կրճատել եւ վտանգներով լի, ռիսկային գործարքների չես գնացել պետության թշնամիների հետ: