Ռուս-ուկրաինական պատերազմի 118-րդ օրը Կիեւը եւս հաստատել է, որ Լուգանսկի Տոշկովկա բնակավայրն ամբողջությամբ անցել է ռուսների վերահսկողության տակ: Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ռոման Վլասենկոն համաձայնել է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի մասնագետների եզրակացության հետ, որ մարտերն էլ ավելի ինտենսիվ են, եւ որ այս շաբաթը կարող է վճռորոշ լինել Սեւերոդոնեցկի համար:
----------------
Ռուսաստանի ու Եվրամիության անդամ Լիտվայի հարաբերություններն են վատթարացել: Վիլնյուսը Եվրահանձնաժողովի հետ խորհրդակցելուց հետո արգելել է Ռուսաստանից Կալինինգրադի մարզ որոշ ապրանքների տարանցումը: Մոսկվան Լիտվայի այդ քայլը թշնամական է որակել: Ռուսաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են արտգործնախարարություն. նրան բողոքի նոտա են հանձնել: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը շուտափույթ պատասխան է խոստացել Վիլնյուսի որոշմանը ու հավելել՝ Կալինինգրադի շրջափակման հետեւանքները լուրջ բացասական ազդեցություն կունենան Լիտվայի բնակչության վրա:
--------------
Մեր հյուսիսային հարեւանը դժգոհում է՝ Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ չտրամադրելն անարդար է: Այն պարագայում, երբ Բրյուսելը դիտարկում է ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ միայն Ուկրաինային ու Մոլդովային, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե առաջինը հենց Թբիլիսին պետք է արժանիորեն այդ կարգավիճակն ստանար: Նրա պնդմամբ, շատ հստակ արդյունքեր ունեն ու շատ հստակ աշխատանք են կատարել: Իսկ ահա ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին Ղարիբաշվիլին ասել է՝ նախ Ռուսաստանի հետ տարածքային իրենց խնդիրները պետք է լուծեն, եւ հետո միայն միանան կառույցին:
---------------
Քաղաքական ճգնաժամի նշաններ են նկատվում Ֆրանսիայում, որտեղ նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարած կենտրոնամետ կոալիցիան կորցրել է բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում: Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մերժել է իր նշանակած վարչապետի՝ Էլիզաբեթ Բորնի հրաժարականի առաջարկը՝ ասելով, թե կառավարությունը պետք է մնա իր գործին ու աշխատի: Սակայն «ԲիԲիՍի»-ն, հղում անելով վերլուծաբաններին, հայտնում է, որ սա, ամենայն հավանականությամբ, ժամանակ շահելու փորձ է, քանի որ ինչ-որ պահի, ամեն դեպքում, կձեւավորվի նոր կառավարություն, որի գլխին կարող է լինել կամ չլինել Բորնը: Առաջիկայում սպասվում են բանակցություններ Մակրոնի ու նրա քաղաքական հակառակորդների միջեւ:
-----------------
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է երկրի կոալիցիոն կառավարության լուծարման մասին: Բենեթը եւ նրա գլխավոր կոալիցիոն գործընկեր Յաիր Լապիդը հաջորդ շաբաթ կցրեն խորհրդարանը՝ Քնեսեթը: Փաստորեն, Իսրայելում խորհրդարանական նոր ընտրություններ կանցկացվեն՝ 5-րդը 3,5 տարվա մեջ: Մինչեւ նոր կառավարության ձեւավորումը կաբինետը ժամանակավորապես կղեկավարի Լապիդը:
Մանրամասները ներկայացնում է Անահիտ Իվանյանը