Այս վիճակում է պետության ենթակայության տակ գտնվող «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը»: Աշխատակիցներն ասում են՝ միայն վերջերս են նորոգել, այն էլ ջրի խողովակները: Կառավարությունը հարցի լուծումը գտել է. վաճառում է: Հունիսի 17-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկը Օրբելի փողոցում գտնվող ինստիտուտը մրցույթով մասնավորեցնելու մասին նախագիծն էր, ըստ որի ինստիտուտի ակտիվները գնահատել են 5 մլրդ 110 մլն դրամ:
Ինստիտուտը 171 աշխատակից ունի: Պայմանագիրը կնքելուց հետո գնորդը վեց ամիս պետք է պահպանի նրանց թիվը եւ աշխատավարձի չափը: Չնայած այս պայմանին աշխատակիցները մտահոգված են. ինչ է լինելու վեց ամիս հետո: Նրանք վստահ չեն, որ աշխատակազմի փոփոխությունները կշրջանցեն իրենց՝ միգուցե իրենք նույնպես դառնան գործազուրկ:
Չնայած շենքային պայմաններին հիվանդները գոհ են մասնագիտական մոտեցման եւ որակյալ բուժման համար: Նախագծով սահմանվում է, որ վաճառքից հետո ընկերության հանրային նշանակությունը չի փոփոխվի, իսկ գնորդը պարտավորվում է պահպանել գործունեության հիմնական ուղղությունը: Գնորդի վճարած գումարի 70 տոկոսն ուղղվելու է պետական բյուջե, եւ միայն 30 տոկոսը` բժշկական համայնքի բյուջե:
Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում