կարևոր
1468 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-21 20:56

ԲԴԽ-ն ղեկավարող Ջհանգիրյանի քաղաքական հայտարարությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սա Գագիկ Ջհանգիրյանի պնդումն է, երբ նա դեռ ԲԴԽ անդամի իշխող «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն էր:  
Սրանք էլ են Ջհանգիրյանի խոսքերն արդեն մեկ ամիս անց, երբ արդեն ԲԴԽ ընտրված անդամ էր: Իհարկե տեսախցիկներից հեռու՝ գործընկերների հետ զրույցում է անկեղծանում: 
Ձայնագրվելու մասին հպանցիկ կասկածն էլ չի խանգարում նրան խոստովանել իր քաղաքականացված լինելու մասին: 
Ժամանակին՝ ԲԴԽ անդամի թեկնածուի կարգավիճակում Ջհանգիրյանը Նիկոլ Փաշինյանին հավատարմության խոստումներ հրապարակային չէր տալիս, փաստորեն չի տվել նաեւ գործընկերների հետ մասնավոր զրույցներում. պատրաստ է եղել գնալ ու կանգնել Վանեցյանի կամ Ղազինյանի կողքին: Իսկ թե ինչու՞ է Փաշինյանի վարչապետության օրոք համաձայնել ղեկավարել Բարձրագույն դատական խորհուրդը, որին անպատվում էր, եւ ինչու է այդ ճանապարհին քրեական գործերի սպառնալիքով փորձել հեռացնել գործող նախագահ Վարդազարյանին, խոստովանում է՝ քաղաքական դրդապատճառով: 
Գագիկ Ջհանգիրյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին զբաղեցրել է զինվորական դատախազի ու գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնները: Իսկ Դաշնակցության հանդեպ նրա հատուկ վերաբերմունքը դրսեւորվել է դեռ 1995 թվականից, երբ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ իրավական տեսք է տրվել ՀՅԴ-ի գործունեությունը կասեցնելու մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրին: 
Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ աղմկահարույց բացահայտումներին իշխող ուժը հրաժարվում է քաղաքական գնահատական տալ, քանի դեռ դրանք դատախազության ուսումնասիրության տիրույթում են: 
Ջհանգիրյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ էր ընտրվել բացառապես իշխող ուժի՝ այն ժամանակ դեռ «Իմ քայլը» խմբակցության ձայներով: Նրա ընտրվելուց կարճ ժամանակ անց ԲԴԽ գործող նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվեցին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդման հիմքով: Բարձրագույն դատական խորհուրդը սկսեց ղեկավարել Գագիկ Ջհանգիրյանը: Վարդազարյանին իշխող ուժը մեղադրում էր դատական իշխանությունը քաղաքականացելու համար միայն այն պատճառով, որ նա կոչ էր արել դատավորներին զերծ մնալ քաղաքական ճնշումներից ու վերջապես պատասխանել՝ վնգստացո՞ղ են, թե՞ ոչ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր նրանց բնութագրել: ԲԴԽ-ն քաղաքականացվածությունից փրկելու համար գործուղված Ջհանգիրյանը, փաստորեն, ըստ սկանդալային ձայնագրության՝ սկսել է քրեական գործեր բացել ու փակել անձնական ու քաղաքական շարժառիթներով: 

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում