24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ազգային ժողովում պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում ներկայացրած Արթուր Վանեցյանին, ըստ կանոնակարգի, հնարավոր է՝ փոխարինի դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարում ընդգրկված Մարտուն Գրիգորյանը: «Արմենպրես»-ը փորձեց պարզել՝արդյոք Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատը, թե ոչ, սակայն Գրիգորյանի հետ կապ հաստատել դեռևս չի հաջողվել:
ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Վանեցյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը:
Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Հակառակ դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված և մեկ շաբաթվա ընթացքում ուղարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: