կարևոր
1111 դիտում, 11 ամիս առաջ - 2022-06-21 11:49

Զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններն անհիմն են

Զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններն անհիմն են

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն անդրադարձել է 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպմանը, որը վերջին շրջանում զանգվածային լրատվության տարբեր միջոցներով և համացանցային հարթակներով ուղեկցվում է իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով:

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2022 թվականի մայիսի 20-ի հիշյալ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի նախաձեռնությամբ և հրավերով, որին ներկա են գտնվել նաև փաստաբաններ, քրեական գործով վարույթն իրականացնող քննիչը, ստորաբաժանման ղեկավարը և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալը: 

«Ավելի քան քառասուն ծնողների ու հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպումը մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի բացման խոսքով և ուղեկցվել հարց ու պատասխանով, որն ընդհատվել է ծնողներից մեկի բուռն արձագանքով, ինչին հաջորդել է հարազատներից մեկի սադրող միջամտությունը, որից հետո Կոմիտեի նախագահը փորձել է պարզել վերջինիս՝ ստեղծված լարվածությունն ակնհայտ հրահրողի, նպատակադրումները: Հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ, ինչը տեսագրվել է դահլիճում առկա անվտանգության տեսախցիկի միջոցով»,- տեղեկացնում են Կոմիտեից՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակն անմիջապես հարթվել է, և հանդիպումը շարունակվել ու, ընդհանուր առմամբ, տևել է գրեթե երեք ժամ, որն արգելվել է տեսաձայնագրել, քանի որ համապատասխան քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, և ծավալվող խոսակցությունները, բնականաբար, ներառելու էին 2020 թվականի արցախյան պատերազմին վերաբերող ու նախաքննական գաղտնիք պարունակող որոշակի տեղեկություններ:

«Այս ամենով հանդերձ, հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ տվյալ հանդիպման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններն ու նկարագրություններն անհիմն են և արհեստածին:

Ամենայն հարգանք տածելով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած բոլոր հայորդիների ու նրանց ծնողների նկատմամբ՝ միաժամանակ հորդորում ենք հիշյալ հանդիպումը և վերջինիս ընթացքում տեղի ունեցած զարգացումները չդարձնել անհարկի շահարկումների առարկա»: