կարևոր
994 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-20 22:18

Ապարանում 4 երիտասարդներ են սպանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կանաչ դաշտ, գեղեցիկ տեսարան, ծաղիկներ... այստեղ, այս դաշտում են հնչել մահաբեր կրակոցները: Հետեւանք՝ 4 երիտասարդ զրկվեց կյանքից, երեք վիրավոր հիվանդանոցում է: Համոն, Տիկոն ընտիր տղաներ էին,- ասում են ապարանցիները: 27 ամյա երիտասարդների մահը հուզել է բոլորին: Փոքր քաղաք է, բոլորն իրար ճանաչում են եւ հնարավոր վենդետան չեն բացառում: 
Ցավն ու զայրույթը միախառնվել են: Ապարանում նաեւ վախի մթնոլորտ կա: Տեսախցիկի առաջ չեն խոսում, հեռանում են եւ սկսում անիծել քաղաքական դրդապատճառներով սպանության հեղինակներին: 
Ոստիկանությունը հսկողություն է սահմանել դեպքի վայրում: Նրանք էլ ճանաչել են սպանված երիտասարդներին, բայց չեն խոսում: Ապարանի ոստիկանության բաժնի պետի օպերգծով տեղակալ Գեւորգ Ալեքսանյանը հայտնեց, որ կա ձերբակալված: Պատճառների մասին չցանկացավ խոսել: Սկզբում հայտնեց, որ ոստիկանները չեն խուսափում պարզաբանումից, հետո հեռացավ եւ չպատասխանեց մեր հարցերին: ՔԿ-ից էլ հայտնում են, որ երկու անձի սպանության կասկածով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. մեղադրանքը սպանությունն է՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով եւ ապօրինի հրազեն կրելը. կազմակերպված խմբի մասին ոչ մի խոսք: 
Սպանվածներից մեկը` Համիկ Միքայելյանն է: Համոյին ճանաչում եմ 2010թ-ից: Հոյակապ տղա էր: Համիկը ԱԱԾ աշխատակից էր: Իր հայրենիքին ու պետությանը նվիրված տղա էր, ում սպանեցին Նիկոլի ուսապարկերը,- ֆեյսբուքում գրել է Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Վարդանյանը: Ապարանում բոլորը նույնն են ասում՝ սպանությունը քաղաքական դրդապատճառներով է եղել: Սպանվածները դեմ են արտահայտվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը: Վիրավորները տեղափոխվել են Երեւան։ 
Քննչական կոմիտեի վարկածից տարբերվող՝ հանրության շրջանում տարածված տեղեկությունը ապարանցիները չհերքեցին. ՔՊ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները եւ ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ Նիգավանի մոտակայքում, բաց դաշտում կրակել են երիտասարդների վրա: 

Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը