Ռուբեն Վարդազարյանը հրապարակում է իր ու Գագիկ Ջհանգիրյանի զրույցի գաղտնի ձայնագրությունն ու անկեղծանում՝ այն հանրայնացնելն իր ամբողջ կյանքում, երեւի թե, ամենաբարդ որոշումներից էր: Բայց, ըստ նրա, միայն ձայնագրությունից է պարզ դառնում, թե ինչու է ինքը դարձել թիրախ եւ թե ինչու է քաղաքական որոշում կայացվել, որ ինքը չպետք լինի ԲԴԽ նախագահ: Ձայնագրությունը արվել է 2021-ի փետրվարի 20-ին:
Վարդազարյանի խոսքով` եթե մինչեւ նշված ժամանակահատվածը հրաժարական տար, ապա իր դեմ չպետք է որեւէ քրգործ հարուցվեր: Հակառակ դեպքում, Ջհանգիրյանն, այսպես ասած, «ոչինչ չի կարող երաշխավորել»:
Ռուբեն Վարդազարյանը նշում է՝ մամուլում հոդված է տեսել, որից հետո իր համար, կարծես թե, ամեն ինչ պարզ է դառնում: Վարդազարյանը նաեւ տեղեկացնում է, որ ձայնագրության բնօրինակը ո՛չ իր տանն է, ո՛չ ամառանոցում, ո՛չ էլ երկրում, այսինքն` իմաստ չունի փնտրելը:
Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ԲԴԽ երեք անդամի նախաձեռնությամբ: Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկի հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումի հետ կապված ՍԴ որոշմանը:
Հունիսի 16-ին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ հանձնախմբի միջնորդությունը քննարկվել է Վարդազարյանի եւ նրա փաստաբանի բացակայությամբ: Դատական նիստին Վարդազարյանը չի ներկայացել, քանի որ վատառողջ է եղել, իսկ Օրբելյանը խնդրել է նիստը հետաձգել, քանի որ ավելի վաղ նշանակված այլ նիստեր է ունեցել:
Հրապարակված ձայնագրությունը՝ գլխավոր դատախազությունն արդեն ուղարկել է Քննչական կոմիտե: Իսկ ԲԴԽ-ից հայտնում են, որ «հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի» մանրամասները չեն ցանկանում մեկնաբանել:
Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը