կարևոր
1393 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-20 19:36

Նիգավանում տեղի ունեցած միջադեպի քաղաքական գնահատականները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նիգավանի միջադեպը ոստիկանությունը կենցաղային է որակել, ընդդիմադիր պատգամավորներն էլ՝ ոստիկանության աշխատանքն ուղղորդված ու ոչ պրոֆեսիոնալ: Ոստիկանությունն իր տեղում չէ, եթե քաղաքացիների մոտ հրազեն կա, եթե փողոցում նման ողբերգություն է լինում. ասում է Վարդեւանյանը: «Իրավապահների ամբողջ ռեսուրսն ուղղված է ընդդիմադիր գործիչներին վերահսկելուն»: 
Քրեական օրենսգրքում «կենցաղային» բառ չկա. ծանր հանցագործության հետ գործ ունենք. ոստիկանությանն ուղղում է իրավաբան պատգամավորը: Ծանր հանցագործության մասին ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց. քրեական գործը հարուցված է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության եւ ապօրինի հրազեն կրելու հատկանիշներով, ու նշված է, որ վիճաբանությունը ծագել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին հայհոյելու, այլ ազդանշան տալու պատճառով: «Բայց իրավապահներն այդ ե՞րբ հասցրին հանգամանքները պարզել»,- նրանց հայտարարությունները կասկածի տակ է առնում Վարդեւանյանը: 
Լրատվամիջոցները, հղում տալով իրենց աղբյուրներին, գրել էին, որ Փաշինյանին հայհոյող երիտասարդների վրա կրակել են իշխանական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատներն ու Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին: Մաթեւոս Ասատրյանը հերքել է իր հարազատների մասնակցությունը միջադեպին: 
Իշխանական պատգամավորները հարցի հետ կապված մեկնաբանություն չտվեցին, բայց նրանցից ոմանք ֆեյսբուքյան գրառումներով ընդդիմադիրներին մեղադրել են դեպքը քաղաքականացնելու, իշխանությանը սեւացնելու համար:  
Հայաստանի վարչապետի այս խոսքերն են ընդդիմադիրները հիշեցնում ի պատասխան ու ասում՝ նույնիսկ եթե վեճի պատճառը կենցաղային լիներ եւ ոչ քաղաքական, իշխանությանը, միեւնույն է, մեղադրելու էին չկատարած խոստումների ու ատելության մթնոլորտի համար: 

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում