Ֆրանսիայի, Իտալիայի ու Գերմանիայի առաջնորդների այցից հետո Կիեւ է անակնկալ այցելել Մեծ Բրիտանիայի վարչապետը: Բորիս Ջոնսոնը խոստացել է՝ Լոնդոնն առաջիկա 4 ամիսներին մոտ 10 հազար ուկրաինացի զինվորականի համար մարզումներ կկազմակերպի: Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է՝ ինքն ու Ջոնսոնն ընդհանուր տեսակետ ունեն՝ ինչպես գնալ դեպի հաղթանակ:
Եվրահանձնաժողովի եզրակացությունը դրական է Ուկրաինայի ու Մոլդովայի համար: Եվրամիության գործադիր մարմինը խորհուրդ է տվել, որ կազմակերպության թեկնածուի կարգավիճակ շնորհվի այս երկու երկրներին, բայց՝ ոչ Վրաստանին, որը, Եվրահանձնաժողովի գնահատմամբ, դեռ բարեփոխումներ պիտի անի: Ամեն դեպքում, Եվրամիության անդամ երկրների առաջնորդներն իրենց վերջնական խոսքը կասեն հունիսի 23-24-ին բրյուսելյան գագաթնաժողովին:
Կիեւին, սակայն, նեղացրել է Հեռարձակողների եվրոպական միությունը: Թեեւ այս տարվա մայիսին Թուրինում անցկացված մրցույթում Ուկրաինան էր հաղթել ու «Եվրատեսիլ 2023» անցկացնելու իրավունք ստացել, այնուամենայնիվ, երաժշտական մրցույթի կազմակերպիչ Հեռարձակողների եվրոպական միությունը որոշել է՝ Եվրատեսիլը Ուկրաինայում անցկացվել չի կարող ռազմական գործողությունների պատճառով: Բայց Կիեւը համաձայն չէ ու պահանջել է՝ որոշումը փոխել է պետք:
Եվ սպասվող նոր՝ ավելի խորը ճգնաժամի մասին: «Բլումբերգը» հայտնում է՝ Եվրոպան սկսել է սպառել ձմեռվա համար նախատեսվող գազի պաշարները:
Մանրամասները ներկայացնում է Անահիտ Իվանյանը