կարևոր
2443 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-18 16:35

Լևոն Շանթի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի սաներն ավարտել են ուս․ տարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի օրհներգով Մերձմոսկովյան Ռասկազովկա հանգստի գոտում ազդարարվեց Համազգային հայ կրթական եվ մշակութային միության Ռուսաստանի կառույցի Լեվոն Շանթի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի ուսումնական տարվա ավարտը։ Դաշտահանդեսային ձեվաչափով միջոցառումը կազմով ներկայացուցչական էր։ Ծնողներից, ուսուցիչներից բացի մասնակցում էին Հայ հեղափոխական դաշնակցության Ռուսաստանի կազմակերպության Հայ Օգնության միության Հայ մարմնակրթական ընդհանուր միության եվ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատուները։ Նպատակը սփյուռքում հայի նկարագիրը պահող դպրոց-դարբնոցի շուրջ մեկտեղել բոլոր ուժերին ու նրանց հնարավորությունները ուղղորդել ի նպաստ ազգային դիմագծով ու նկարագրով սերունդ դաստիարակելուն։ 
Հայրենիքի համար փորձություններով լի ու բախտորոշ այս օրերին Համազգայինի Ռուսաստանի կառույցի պատասխանատուները կարեվորում են բոլոր կարող ուժերի համախմբումը, համոզված են, որ անելիք ունեն բոլորը։ Եվ եթե Համազգայինը կրթությամբ ու մշակույթով է սնում հայ արմատը, ապա Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը կամրջում է հայկական դպրոցների սաներին, նպաստում հայրենասիրական ոգու բարձրացմանն ու ֆիզիկական պատրաստվածության ուժեղացմանը։ Շուտով համազգայինի կիրակնօրյա դպրոցի սաները Հայ մարմնակրթական ընդհանուր միության շարքերում բանակումներին բնության մեջ կկիրառեն իրենց դպրոցում ստացած գիտելիքները, կսովորեն լինել ֆիզիկապես ուժեղ ու պատրաստ դիմագրավելու տարբեր դժվարություններին։ 
Դաշտահանդեսին էին նաեվ Հայ Օգնության միություն բարեսիրական կազմակերպության հօմուհիները։ Հայ իրականության մեջ համահայկական նկարագիր ունեցող առաջին կանանց կազմակերպության Ռուսաստանի կառույցի պատասխանատուն ռուսաստանաբնակ հայուհիներին հրավիրեց դառնալու մասը այն միության, որը հավատարիմ իր առաքելությանը իրականացնում է բարեսիրական տարբեր ծրագրեր Արցախում եվ Հայաստանում։ Իսկ ուսումնական տարին ավարտող հայ երեխաներին Արցախում եվ Հայաստանում տեսնելու ցանկությամբ ելույթ ունեցավ աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՕՄ-ի կենտրոնական վարչության անդամ Համեստ Սասունյանը։ 
Հայ մնալու եվ տեսակը պահելու խորհուրդը հայրենիքի անկախությանն ու հայ դատին տեր լինելու մեջ է նաեվ, եվ դա ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի բոլոր ուղեկից կազմակերպությունների առաքելությունն է։ Նման ձեվաչափով դաշտահանդես ու մի վայրում այսքան շատ հայ տեսնելն անսովոր էր համազգայինի հայկական կրթօջախի մոտ վեց տասնյակի հասնող սաների համար։ Նրանք եվ ուրախ, եվ հպարտ էին իրենց մեկ տարվա ընթացքում ստացած գիտելիքներով, մայրենի լեզվով իրենց զգացածն ու ցանկությունները արտահայտելու հնարավորությամբ։ 
Համազգայինի Լեվոն Շանթի անվան հայկական կիրակնօրյայի գործունեությունը այն կարեվոր սկիզբն է, որով մեկնարկել է Ռուսաստանի բոլոր հայաշատ վայրերում հայի ինքնությունը ձեվավորող ու պահպանող կրթօջախների ստեղծման ընթացքը։ Համազգային հայ կրթական եվ մշակութային միության Ռուսաստանի կառույցի նվիրյալների ջանքերով համահայկական կառույցի տաբեր ճյուղերի հետ համագործակցության նոր ձեվաչափը համախմբման մի նոր փուլի մեկնարկ էր։ Դաշտահանդեսը եզրափակվեց դպրոցի սաների ազգային երգ ու պարով, ուրախ խաղերով։