կարևոր
1417 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-18 13:14

Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման համաձայնագիրը

Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման համաձայնագիրը

ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։

«Ֆեյսբուք»-ի իր էջում Տիգրան Ավինյանը գրել է, որ  համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։

«Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով»,-գրել է Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանից էլ հայտնում են, որ համաձայնագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետն ու «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը:  Կարևորելով ծրագրի իրականացումը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ համայնքի նախաձեռնած տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում մետրոպոլիտենի զարգացումն առանձնակի նշանակություն ունի: