«Ինչ հայտարարություններ էլ Ադրբեջանից հնչեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ, քանի դեռ չեն հասցեագրվել Արցախի հայերի անվտանգության եւ բոլոր իրավունքների պաշտպանության բավարար երաշխիքների ու դրանից բխող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրները». այսպես Հայաստանի արտգործնախարարը պատասխանում է Իլհամ Ալիեւին: Բաքվի բռնապետը մեկ օր առաջ Հայաստանին կրկին պատերազմով էր սպառնացել՝ ասելով, թե Արցախի կարգավիճակի մասին ցանկացած հիշատակում միայն նոր առճակատումների կհանգեցնի:
Ալիեւը նաեւ շտապել է ցտեսություն ասել ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Արմենպրես» գործակալության հետ հարցազրույցում Արարատ Միրզոյանը պնդում է, թե որեւէ մեկը չի կասեցրել եւ առանց համապատասխան որոշման չի էլ կարող կասեցնել համանախագահության միջազգային մանդատը, այն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը:
Արտգործնախարարն արձագանքում է Ալիեւի եւս մեկ մեղադրանքի, թե հայկական կողմը ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակումը: Միրզոյանի խոսքով՝ գործընթացը շատ ավելի սահուն եւ արագ կընթանար, եթե չլինեին Ադրբեջանի հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ: Իսկ Ալիեւը սպառնում է, թե խաղաղություն չի լինի, եթե չստանան միջանցք դեպի Նախիջեւան:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, թե Բաքուն արդեն ձեւավորել է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի հանձնաժողովը եւ նույնն ակնկալում է Հայաստանից: Այս մասով արգործնախարարությունից արձագանք դեռ չկա: Արարատ Միրզոյանը նշում է միայն, որ խաղաղ բանակցությունները չեն կարող հիմնվել մեկ կողմի, այսինքն՝ Բաքվի առաջարկների վրա:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում