Երեւանի «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի» պացիենտներից ահազանգ ստացանք, որ չեն կարողանում սպասարկվել. բուժանձնակազմը գործադուլ է հայտարարել:
Տիկին Աննան ռենտգեն հետազոտության պատասխանը ձեռքին է դուրս եկել շենքից: Մյուս հետազոտությունները չի հասցրել անցնել. այդ պահին է բուժանձնակազմը քաղաքապետարանից ծանուցվել, որ 12 տարի պաշտոնավարող տնօրենն ազատված է աշխատանքից:
Դեռ հունիսի 3-ին էր պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը տեղեկացրել անձնակազմին, որ իրեն այլ բուժհաստատությունում փոխտնօրենի պաշտոնն են առաջարկել: Միասին խորհրդակցել էին ու մերժել առաջարկը: Աձնակազմն էլ իր հերթին գրություններ էր ուղարկել պատկան մարմիններին: Պատկան մարմիններն ըստ բուժանձնակազմի՝ լռել են եւ միայն այսօր տեղեկացրել, որ Սիսոյանը պաշտոնից ազատված է դեռ հունիսի 2-ից՝ Երեւանի քաղաքապետի որոշմամբ: Աշխատակիցներին այս փաստն էլ է վրդովեցրել:
Վերջին շրջանում շատ բուժհաստատություններում են կադրային փոփոխություններ արվում. տեղեկացնում է Երեւանի փոխքաղաքապետը: Սկզբունքն այն է, որ նույն մարդը նույն վայրում երկար չաշխատի. իր գիտելիքներն ու փորձն այլ տեղերում էլ պետք կգան:
Պոլիկլինիկայի անձնակազմը մտահոգ է՝ գուցե նոր տնօրենը երիտասարդ, անփորձ մեկը լինի: Ոչ անփորձ է, ոչ էլ երիտասարդ, անցած ճանապարհ ունի, ի վերջո բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է. ասում է փոխքաղաքապետ Սիմոնյանը, բայց անունը դեռ չի գաղտնազերծում:
Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը