կարևոր
547 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-17 16:12

Մարզային բոլոր բուժհաստատություններում ներդրվելու են էլեկտրոնային ընդունարաններ

Մարզային բոլոր բուժհաստատություններում ներդրվելու են էլեկտրոնային ընդունարաններ

Մարզային բոլոր բուժհաստատություններում առաջիկայում ներդրվելու են էլեկտրոնային ընդունարաններ, ինչը հնարավորություն կտա մարզային հիվանդանոցներին ևս օգտվել էլեկտրոնային առողջապահության գործիքներից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշեց, որ Երևան քաղաքում խոշոր բուժկենտրոններն ունեն իրենց ներքին էլեկտրոնային ծրագիրը, որի հետ ինտեգրվել է «Արմեդ» համակարգը և աշխատում է: Քանի որ ծրագիրը թանկ և սպասարկում պահանջող է, մարզային բուժկենտրոնները չունեն այդ հնարավորությունը, հետևաբար իրենց համար ստեղծվել է ամբողջովին նույն գործողությունն ապահովող հարթակ «Արմեդ» համակարգում:

«Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններից ենք սկսել, աշխատողներն անցել են համապատասխան վերապատրաստում: Հունիսի 1-ին արդեն այդ երկու բուժհաստատություններում ներդրվել է թվային գործիքակազմ»,- ասաց Արտակ Ջումայանն՝ ավելացնելով, որ փուլային տարբերակով էլեկտրոնային ընդունարաններ են ներդրվելու հանրապետության բոլոր մարզային բուժհաստատություններում:

Էլեկտրոնային ընդունարանների հիմնական գործառույթը բուժառուների այցերը էլեկտրոնային եղանակով գրանցելն է: Այդ գրանցումների հիման վրա ձևավորվում են նաև բուժհաստատությունների էլեկտրոնային մատյանները: