12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 17-ին ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ:
Պետական նախարարը բարձր է գնահատել Հիմնադրամի հռչակած հայրենանվեր առաքելությունը, որը կոչված է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության ապահովմանը:
«Հիմնադրամի գործունեությունը այն հերթական օրինակներից է,թե ինչպես են համահայկական մասնակցությամբ ու սատարմամբ Արցախում կենսական ծրագրեր իրականացվում: ԱՀ կառավարությունը պատրաստ է ամենալայն համագործակցության՝ ապահովագրելու հայ զինծառայողների կյանքն ու առողջությունը՝ նրանց ընտանիքների նկատմամբ սոցիալական պատասխանատվությունը դարձնելով ավելի ու ավելի արդյունավետ ու թափանցիկ: Մենք շնորհակալ ենք Հիմնադրամին կատարված մեծածավալ բարոյական ու սոցիալական աշխատանքների համար և պատրաստ ենք ձեզ հետ ձեռք-ձեռքի իրականացնել շահառու անձանց ու ընտանիքների երկարաժամկետ զարգացման ծրագրեր», - իր խոսքում մասնավորապես նշել է Արտակ Բեգլարյանը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանը պատվիրակության այցը համարել է համագործակցային ու արդյունավետ՝ միտված հիմնադրամի ծրագրերի հետագա զարգացմանը:
«Մեր այցի առաջնային նպատակներից են թե՛ կառավարության հետ քննարկումները և թե՛ մեր շահառուների հետ հանդիպելը, նրանց կարիքների գնահատումը: Զինծառայողներին մեր բոլորի հոգածության կենտրոնում պահելը բարոյական առումով շատ կարևոր է առաջնահերթորեն ազգային համախմբման տեսանկյունից», - ասել է Կարինե Սարգսյանը:
Երկուստեք ընդգծվել է, որ շահառու անձանց ու ընտանիքներին միայն ֆինանսական աջակցություն տրամադրելը բավարար չէ, և զարգացման ծրագրերի անհրաժեշտություն կա՝ կրթության, զբաղվածության, հոգեբանական աջակցության, ժամանցի և այլ կարիքահեն ծառայությունների ապահովման տեսքով:
Հանդիպմանը մասնակցել են նաև սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը և առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: