կարևոր
418 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-17 13:56

Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում. հանդիպել են ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները

Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում. հանդիպել են ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, ով Երևանում է՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԽ տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության շրջանակը ընդլայնելու համար կան բոլոր անհրաժեշտ հնարավորությունները և նախադրյալները:

Երկկողմ համագործակցության շրջանակներում զրուցակիցները քննարկել են անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նիկոլայ Պատրուշևը շեշտել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական կարևոր գործընկեր պետություն է և Մոսկվան աջակցում է Հայաստանին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացներում։

Արմեն Գրիգորյանն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների աշխատանքների ընթացքը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: