կարևոր
451 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-06-17 13:10

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են դարձրել անվտանգության աճող մարտահրավերներին և սպառնալիքներին

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են դարձրել անվտանգության աճող մարտահրավերներին և սպառնալիքներին

Երևանում իր աշխատանքներն ավարտեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի հերթական նիստը, որն անցկացվում էր ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստից հետո ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, նիստի նախագահող Արմեն Գրիգորյանը հայտարարեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են դարձրել անվտանգության գլոբալ մարտահրավերներին ու սպառնալիքներին և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակին:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ԱԽ քարտուղարների նիստը, ինչպես միշտ, անցել է կառուցողական և հետաքրքիր մթնոլորտում:

«Այսօրվա նիստը հատկանշական էր նրանով, որ մի կողմից՝ ընթացիկ տարին հոբելյանական է կազմակերպության համար. մենք նշում ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 30-ամյակը և ՀԱՊԿ-ի հիմնադրման 20-ամյակը, մյուս կողմից՝ նիստը անցկացվում է ինչպես աշխարհում ընդհանուր առմամբ, այնպես էլ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում աճող մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում: Բնականաբար, տվյալ գործոնը պահանջում է ժամանակին և արդյունավետ որոշումների ընդունում՝ ուղղված այդ մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացմանը և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովմանը», - հայտարարեց նիստի նախագահողը:

Ելնելով վերոնշյալ իրողություններից՝ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են հատկացրել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ այնպիսի արդիական խնդիրների, ինչպիսիք են հակազդեցությունը ահաբեկչությանը, կառավարման մարմինների համատեղ ստեղծումը, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորումը և կազմակերպության ռազմական բաղադրիչի ամրապնդումը:

Նիստի նախագահողը նաև հաղորդեց, որ նիստի աշխատանքի արդյունքներով ԱԽ քարտուղարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք բոլորն անցել են համապատասխան ընթացակարգերը: Դրանց թվում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հանձնաժողովը հաստատել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը «Վարձկան» անունը կրող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրին տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տալու մասին: Ստորագրվել է նաև հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման և կառավարման մարմինների պատրաստման պլանը 2023 թվականի համար:

ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հանձնաժողովի հունիսի 17-ի նիստը անցկացվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում: