կարևոր
1015 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-17 12:30

Անհրաժեշտ է, որ չարհամարհվեն հայկական կողմի հիմնարար իրավունքներն ու կարիքները. եվրոպական կազմակերպությունները նամակ են ուղղել Շառլ Միշելին

Անհրաժեշտ է, որ չարհամարհվեն հայկական կողմի հիմնարար իրավունքներն ու կարիքները. եվրոպական կազմակերպությունները նամակ են ուղղել Շառլ Միշելին

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ հունիսի 16-ին եվրոպական 91 կազմակերպություններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում Եվրոպական Միության անդամ երկրներում, նամակ են հղել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ հայտնելով իրենց խոր դժգոհությունը նրա վերջին հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2022 թվականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո։

Կազմակերպությունները ողջունում են Շառլ Միշելի կողմից խաղաղությանն ուղղված միջնորդական ջանքերը: Այնուամենայնիվ, նրանք անհրաժեշտ են համարում, որ խաղաղության բանակցությունները հիմնված լինեն արդարության վրա, երբ չեն արհամարվի հայկական կողմի հիմնարար իրավունքներն ու կարիքները, նամանավանդ, որ վերջինս 2020թ․ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ագրեսիայի զոհ է դարձել:

Նամակը ստորագրած կազմակերպությունները ցավում են, որ մայիսի 23-ի հայտարարությունն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի փաստաթղթավորված մոտեցումների հիմնական սկզբունքները: Սա վերաբերում է նաև այն փաստին, որ օգտագործվում է «Ղարաբաղ» անորոշ ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, որը կոնկրետ տարածք ունեցող քաղաքական միավոր է։ Նամակում մանրամասն ադրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից «Ղարաբաղ» ձևակերպման օգտագործումը միտված է պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտման քաղաքականության սպասարկմանը:

Անդրադառնալով 2022 թվականի մայիսի 31-ին Շառլ Միշելի մամուլի խոսնակի հայտարարությանը՝ կազմակերպությունները երախտագիտություն են հայտնում, որ այն կարևոր պարզաբանումներ է մտցրել և ընդգծել հիմնարար սկզբունքներ։ Կազմակերպությունները հույս են հայտնում, որ ԵՄ-ի ապագա միջնորդությունը կհանգեցնի արդար և տևական խաղաղության հասնելու բանակցությունների մեկնարկին: Այդ նպատակով կոչ է արվում Եվրոպական խորհրդի նախագահին միջնորդությունը հիմնել վեց կոնկրետ կետերի վրա: Նամակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ