կարևոր
931 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-17 12:08

Մեկ միլիոն դիմում. ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը կտրուկ ավելացել է. «Հրապարակ»

Մեկ միլիոն դիմում. ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը կտրուկ ավելացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմից հետո կտրուկ ավելացել է ռուսաստանաբնակ հայերի քանակը, որոնք ցանկանում են ՀՀ քաղաքացիություն ստանալ: Բնականաբար, հայրենասիրական պոռթկումը չէ պատճառը, այլ Ռուսաստանի ընդհանուր տնտեսական իրավիճակն ու այդ երկրի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Մասնավորապես՝ Եվրոպա մեկնելը, արեւմտյան երկրների հետ աշխատելը ՌԴ քաղաքացիների համար խիստ դժվարացել են, եւ նրանք այդ դժվարությունները շրջանցելու ուղիներ են փնտրում: ՀՀ քաղաքացիություն ստանալու համար այժմ ահռելի հերթեր են գոյանում, իսկ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, կարծես դիտավորյալ, ձգձգում է գործընթացը: Մարդիկ դժգոհում են արհեստական ձգձգումից: Այս օրերին հերթագրում են նրանց, ում դիմումներն ընդունելու են նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին: «Սա դիտավորյալ է արվում: Արհեստական խնդիրներ են ստեղծում, որպեսզի մարդիկ՝ չդիմանալով, չստանան ՀՀ քաղաքացիություն: Ու նաեւ աժիոտաժ են առաջացնում՝ հերթեր, կաշառք եւ այլն»,- ասում է քաղաքացիության համար դիմած անձանցից մեկը:

Մեր տեղեկություններով, մոտ 1 մլն անձ այս պահին քաղաքացիություն ստանալու կարիք ունի: Նրանք հիմնականում Հայաստանում ծնված մարդիկ են: Այս քանակը, հավանաբար, վախ է առաջացնում իշխանությունների մոտ, քանի որ ՌԴ հայերի շրջանում Փաշինյանը բարձր վարկանիշ չունի, եւ սա նշանակում է, որ քաղաքացիություն են ստանալու հիմնականում ընդդիմադիր հայացքներ ունեցողները, իսկ 1 մլն-ն Հայաստանի համար բավականին մեծ թիվ է, եւ նրանք կարող են առաջիկա ընտրություններում վճռորոշ դեր խաղալ: 

Մեր տեղեկություններով, ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն օրվա ընթացքում ընդամենը 2 ժամ է ընդունում այցելուներին: Մենք փորձեցինք կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ․ զանգահարեցինք դեսպանորդ Արսեն Առաքելյանին: Նա նախ հետաքրքրվեց, թե որտեղից ենք իր հեռախոսահամարը գտել, ապա խորհուրդ տվեց գրավոր հարցումով դիմել ԱԳՆ: Նույնը պատասխանեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի խոսնակ Էդուարդ Ջամբազյանը․ «Այդ բոլոր հարցերին, գործող կարգի համաձայն, Ձեզ պետք է խնդրեմ, որ դիմեք ԱԳՆ: Մենք բոլոր հաշվետվություններն ուղարկում ենք իրենց»։

Ճի՞շտ է, որ փոխել եք դիմելու կարգը, որ քաղաքացիություն ստանալու համար դիմողների ընդունելություններ այլեւս չկան: «Միակ բանը, որ կարող եմ ասել, որը մենք հրապարակել ենք՝ քաղաքացիների էլեկտրոնային հաշվառում ենք մտցրել քաղաքացիություն ստանալու համար: Ընդունելություն կա, ուղղակի հերթագրումը՝ քաղաքացիություն ստանալու համար, էլեկտրոնային եղանակով է կատարվում: Ստիպված ենք դրան գնացել, որովհետեւ շատացել է դիմողների քանակը»,- ասաց խոսնակը: Էդուարդ Ջամբազյանն ասաց նաեւ, որ չի կարելի խոսել ձգձգումների մասին, քանակը շատ է, չեն հասցնում հերթագրել, այդ պատճառով էլ գործընթացը դանդաղել է:

Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի գրասենյակից էլ պատասխանեցին, որ տեղյակ են քաղաքացիների թվի կտրուկ աճի մասին։ «Այո, մենք տեղյակ ենք, որովհետեւ մեզ շատ են դիմում, ու մենք օգնում ենք»,- ասաց Սինանյանի օգնականը: Ճի՞շտ է, որ գործընթացը ձգձգվում է, ունե՞ք նման բողոքներ: «Ունենք բողոքներ, բայց քաղաքացիություն ստանալու համար ժամկետ գոյություն ունի: Դժգոհությունները կապված են նրա հետ, որ մարդիկ ուզում են ավելի արագ լինի գործընթացը: Ընդհանուր գործընթացը 3-6 ամիս է, բայց աշխատանքային օրերով հաշված՝ 4 ամիս է լինում»,- հայտնեց Զարեհ Սինանյանի օգնականը:

Այսպիսով, արտաքուստ ամեն ինչ գեղեցիկ է: Վերջերս ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը դյուրացվեց՝ օրենքում փոփոխություններ կատարվեցին, եւ նախկինում պատասխանելու 6-ամսյա ժամկետը կրճատվեց մինչեւ 90 օր։ Նաեւ՝ քաղաքացիություն ստանալու համար հիմա պարտադիր չէ Հայաստան գալ՝ անձը կարող է տվյալ երկրի դեսպանությունում կամ հյուպատոսությունում ստանալ քաղաքացիություն: Ասում են՝ կարգի թեթեւացումն արվել է հատկապես մեծահարուստ ռուսաստանահայերի համար, որոնք ուղիղ Նիկոլ Փաշինյանին են դիմում՝ քաղաքացիություն ստանալու համար, եւ դրա դիմաց որոշակի պարտավորություններ են ստանձնում՝ էսինչ գործը դնել, այնինչ բարեգործությունն անել եւ այլն: Իսկ մեծամասնության համար այլ պայմաններ են գործում: Անձը մինչեւ դեկտեմբեր պետք է հերթագրվի, հետո հանձնի դիմում՝ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ, ապա սպասի 3-6 ամիս: Այս դեպքում հասկանալի չէ, թե ինչ տարբերություն՝ էլեկտրոնայի՞ն է հերթագրումը, թե՞ ոչ, եթե մարդը մեկ տարուց ավելի պետք է սպասի: Էլեկտրոնային հերթագրումն այս պարագայում մի նպատակի է ծառայում՝ որ դեսպանատան աշխատակիցները մարդկանց հետ հնարավորինս չշփվեն: Գալիս են, բողոքում են, եւ որպեսզի ցրեն բողոքավորներին, նրանց ուղղորդում են էլեկտրոնային հերթագրման: Այնինչ կարող էին հեշտացնել պրոցեդուրան եւ արագ ընդունել բոլորին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։