կարևոր
466 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-06-16 20:51

Եվրամիության 3 առաջնորդ Կիևում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերն ու Իտալիայի վարչապետը գիշերը Լեհաստանից գնացքով ուղեւորվում են Կիեւ: Տեսախցիկների առջեւ՝ ժպիտներով ու բարձր տրամադրությամբ: Կադրերը սոցցանցերում դժգոհության ալիք են բարձրացրել՝ հաշվի առնելով, որ Եվրամիության երեք ամենաազդեցիկ դեմքերը մեկնում են պատերազմող երկիր: 
Էմանուել Մակրոնը, Օլաֆ Շոլցն ու Մարիո Դրագին Ուկրաինայի մայրաքաղաք են հասնում առավոտյան: Երկաթուղային կայարանում Գերմանիայի կանցլերը պնդում է, որ Կիեւում լուսանկարվելու համար չեն, Ֆրանսիայի նախագահն էլ լրագրողներին ասում է, թե ինչով է կարեւոր այս այցը: 
Ուկրաինացիներին աջակցության ցուցադրումը կարեւոր է՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիայի նախագահն Ուկրաինայում քննադատվում է Ռուսաստանին չնվաստացնելու կոչի, Գերմանիայի կանցլերը՝ Զելենսկիի պահանջած սպառազինության մատակարարումը ձգձգելու եւ Իտալիայի վարչապետը՝ առաջարկած խաղաղության ծրագրի համար, ինչն, ըստ Կիեւի, կարող է հանգեցնել տարածքների զիջման: 
Եվրոպացի եռյակը մայրաքաղաքից միանգամից ուղեւորվում է ռազմական գործողություններից ավերակների վերածված Կիեւի արվարձանային Իրպեն քաղաք: Նրանց է միանում առավոտյան մեկ այլ գնացքով Ուկրաինա ժամանած Ռումինիայի նախագահը: Շրջայցից հետո Մակրոնն ասում է, թե Իրպենում ռազմական հանցագործություն է կատարվել, ապա անդրադառնում իրենց հասցեին հնչող քննադատություններին: 
Իրպենից Մակրոնը, Շոլցն ու Դրագին վերադառնում են Կիեւ, հանդիպում Ուկրաինայի նախագահի հետ, որն Արեւմուտքից պահանջում է ժամանակակից սպառազինություն եւ Եվրամիության անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ: Այս հարցերն արդեն փակ դռների հետեւում: Եվրամիության առաջնորդների այցը Թվիթերում ծաղրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը: 
Կրեմլի խոսնակն էլ հույս է հայտնել, որ եվրոպացիները Ուկրաինայի նախագահի հետ կքննարկեն ոչ միայն զենքի մատակարարման հարցը, ինչն, ըստ Պեսկովի անօգուտ է, այլ կօգտագործեն առիթը՝ խրախուսելու Վլադիմիր Զելենսկիին առերեսվել իրականությանը:

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը