կարևոր
1219 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-16 20:29

Դրամը շարունակում է ամրապնդել դիրքերը դոլարի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դրամը շարունակում է ամրապնդել դիրքերը դոլարի նկատմամբ. եթե մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը մեկ դոլարն արժեր մոտ 480 դրամ, ապա այժմ այն սկսել է նվազել` հասնելով մեկ դոլարի դիմաց 420-430 դրամի: Այս ամենն արդեն հանգեցրել է արտահանման թանկացմանը: 
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ. այն կմնա ներկա 9.25 տոկոսի չափով: Այս տոկոսադրույքը սահմանվել էր մարտի 15-ին, երբ Կենտրոնական Բանկն այն բարձրացրել էր միանգամից 1.25 միավորով: 
«Եվրոթերմ» ընկերության տնօրենը շեշտում է՝ վնասներ են կրում գրեթե բոլոր ընկերությունները, սակայն, քանի որ ռուբլի-դրամ հարաբերությունը համեմատաբար ավելի կայուն է, հայկական արտահանողների զգալի մասն էլ նույն աշխարհագրությունն ունեն՝ ռուսական շուկան, ապա իրենք շատ չեն տուժում: Վահե Ղազարյանի խոսքով՝ անգամ օգտվում են: 
Բանախոսները համակարծիք են՝ արտահանողների համար հիմա խնդիրները շատ են, միայն արտարժույթի տատանումները չեն: Առանձնացնում են լոգիստիկ խնդիրը: Պատգամավորը կարծում է՝ իշխանությունները փորձելու են ամեն ինչ անել, որ դրամի արժեւորումը պահպանվի, որովհետեւ հակառակ դեպքում, ըստ Թադեւոս Ավետիսյանի, մենք կունենանք սննդամթերքի ոչ թե 15, այլ 40 տոկոս գնաճ: Տնտեսագետ պատգամավորը, սակայն, վստահ է, որ այդպես չի լինելու: 
Վահե Ղազարյանն իրենց ընկերության օրինակն է բերում, որ բացի արտահանող լինելուց նաեւ հայկական շուկայում է իրացնում եւ այս դեպքում՝ շահում է, քանի որ ներկրողների համեմատ ավելի արագ է: Իսկ արտարժույթի կտրուկ տատանումների պատճառով, ըստ նրա, հայ արտահանողը ստիպված պետք է գները բարձրացնի, բայց այս իրավիճակից օգտվում է դոլարի նկատմամբ կայուն, օրինակ Ադրբեջանի արտահանողն ու հայ արտահանողին շուկայից դուրս է մղում: 
Արտահանողները պետությունից պահանջում են միջոցներ ձեռնարկել, այլապես հայկական արտադրանքը կարող է չդիմանալ մրցակցությանը միջազգային շուկայում: 

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում