կարևոր
619 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-16 17:07

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

Հունիսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է:

 Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեծագույն սրբի մասունքարանով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև սրբազան մասունքը կրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։

 Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:

 Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Կ. Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Տամատյանը։

 Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով տոնի խորհրդին,  կոչ արեց հավատացյալներին՝ իբրև փրկության լույսի, փարվել Հայ Եկեղեցուն, Մայր Աթոռին,  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի օրինակով լինել Ավետարանի քարոզիչներ, քրիստոնեության ջատագովներ, ավետարանական սրբությունները պահպանողներ և մշտապես հայցել Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի բարեխոսությունը հայոց ազգի և հայրենիքի համար։