կարևոր
1087 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-16 16:10

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Սերգիյին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Սերգիյին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Սերգիյ Իվաննիկովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Բառնաուլի Ս․ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մաշտոց քահանա Հակոբյանի: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

Ուրախություն հայտնելով միտրոպոլիտ Սերգիյի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար այցելելու առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է երկու Եկեղեցիների և ժողովուրդների միջև ձևավորված դարավոր եղբայրական հարաբերություններին և փոխգործակցությանը:

Իր հերթին Բառնաուլի և Ալթայի միտրոպոլիտը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը Հայաստան իր այցելությանն աջակցելու համար՝ ընդգծելով, որ եզակի հնարավորություն է ընձեռնվել հաղորդակցվելու քրիտոնեական հնագույն երկրներից մեկի սրբավայրերին և հոգևոր արժեքներին։

Նորին Սրբազնությունն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել է նաև Ալթայի շրջանում հայ համայնքի, Մաշտոց քահանայի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, անդրադարձավ հայորդիների կարևոր ներդրմանը շրջանի զարգացման գործում։

Հանդիպմանը խոսվել է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի, Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների և չլուծված անվտանգային խնդիրների մասին։ Նորին Սրբությունը նաև անդրադարձել է Դադիվանքին, որի հոգևոր գործունեությունը հնարավոր եղավ շարունակել շնորհիվ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միջնորդական ջանքերի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական հոգածության։