Այսօր, հունիսի 16-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Մինչեւ լրագրողների հարցերին պատասխանելը, նա մեկ անգամ ևս ամփոփ ներկայացրեց երկու ամիսների ընթացքում «Դիմադրություն» շարժման գործունեությունը, անցած ճանապարհը, հստակ ձեռքբերումները, խոսեց շարժման կառուցվածքի, մարտավարության փոփոխությունների և անելիքների մասին։
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ մինչ շարժումը տպավորություն կար, որ օրվա իշխանության՝ երկիրը նոր կապիտուլյացիայի տանելու նկատմամբ ժողովրդի կողմից կա համակերպում, այլևս Արցախի, Հայաստանի անվտանգության հարցերը հետաքրքիր չեն հանրությանը, ժողովուրդը համակերպվել է առկա իրավիճակի հետ, Հայաստանից հնչում էր միայն պարտության ու հարմարվողականության ձայն, որն արձանագրվել էր միջազգային հանրության կողմից։
«Փոխվեց իրավիճակ։ Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու։ Հայ ժողովուրդը միջազգային հանրությանը հստակ կոչ հղեց, որ օրվա իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը մերժվում է հայ ժողովրդի կողմից։ Շարժման կոչը, որ ժողովուրդ, լաո, զարթնիր, տեր կանգնի քո երկրին, այդ իրավիճակը մեր երկրում ստեղծվել է»,-ասաց նա։
Նրա խոսքով, իրենց առջև խնդիր կա օր առաջ հասնել իշխանափոխության, այդ ուղղությամբ բոլոր քայլերն արել են, բայց գլխավոր խնդիրը մնում է չլուծված։
«Դրա համար անհրաժեշտ է շարժման վերափոխման ու մարտավորության նոր մոտեցումներ։ Շարժումը պետք է տարածենք ողջ Հայաստանով մեկ, շարժումը պետք է իր օջախները ձևավորի մարզերում, Արցախում ու Սփյուռքում, դրա նախադրյալներն արդեն կան։ Շարժման դադարի, հետքայլի մասին խոսակցություններն ընդամենը խոսակցություններ են, երկու օր առաջ հայտարարել ենք ոչ թե դադար վերցնելու, այլ շարժումն ընդլայնելու ծրագրի մասին, և աշխատանքներն ամբողջությամբ մեկնարկած են»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով վրանները Ֆրանսիայի հրապարակից հանելու որոշման մասին հարցին, քաղաքական գործիչն ասաց՝ ոչ թե շարժումն էր վրանների համար, այլ վրաններն էին շարժման համար։
«Մենք որոշում ենք կայացրել, որ հրապարակում պետք է ստեղծենք դիմադրության առաջին օջախը, այս հրապարակից կազմակերպենք պայքարը, հսկայական արդյունք ենք ունեցել այդ վրանները տեղադրելով։ Եկել էր մի պահ, երբ պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակի և վրանների արդյունավետության հարցը»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, թե լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցը։
«Մեր խնդիրը ոչ թե վրաններով մեր վճռականությունը ցույց տալն էր, այլ այս պայքարը արդյունավետ կազմակերպելը, մեզ համար հեշտ չէր այդ որոշումը ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնաարդյունքի համար, գոյություն ուներ նպատակահարմարության և արդյունավետության հարց», – ասաց Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է քաղաքացիներին, որոնք մտածում են, թե պայքարը կարող է թուլանալ, Սաղաթելյանն ասաց, որ կհամոզեն հակառակը.
«Վրանները իրենց գործը կատարել են, մեր քաղաքացիների ուժերը հիմա այլ տեղերում են մեզ պետք, կհամոզվեք, որ պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէր վրաններով»։
Իսկ շարժումը, ըստ Սաղաթելյանի, հետքայլ չի անում, չի դադարում, դրանք միայն խոսակցություններ են, պարզապես մարտավարությունն է փոխում։
1,5 տարի ամեն օր Նիկոլը խոսել է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգից. ինքը խոստացել է խաղաղություն, դրա հիման վրա է եկել իշխանության, խոսել է Արցախի ինքնորոշման մասին, բայց երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ չկա երաշխիք, որ խաղաղության օրակարգը կարող է հաջողել․ ասաց նա՝ անանդրադառնալով հունիսի 15-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին։
«Հիմա ասում է, որ չկա երաշխիք, որ խաղաղության օրակարգը կարող է հաջողել, չկա երաշխիք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այսինքն պատրաստ են ցանկացած լուծման, որտեղ կապահովվի արցախահայության անվտանգությանը: Եթե կա խելամիտ մարդ, որ մտածում է, որ Արցախը լինելով Ադրբեջանի կազմում հնարավոր է ապահովել արցախցիների անվտանգությունը, դա կամ պետական դավաճան է, կամ իրավիճակից գաղափար չունի:
Նա երեկ ջարդեց իր միակ խաղաթուղթը՝ խաղաղության օրակարգը՝ հստակ ասելով, որ այս իմաստով էլ որեւէ երաշխիք չկա: Եթե անվտանգության առումով երաշխիք չկա, խաղաղության առումով երաշխիք չկա, էդ մարդը մնում է այլեւս, որ ի՞նչ անի: Ակնհայտ է, որ Նիկոլը Ալիեւի հետ ունի ժամանակացույց, պայմանավորվածություն երկիրը հանձնելու:
Ակնհայտ է, որ այս շարժման ընթացքում այդ ժամանակացույցը խախտվել է, բայց պրոցեսը չի դադարել: Քանի սրանք կան, այդ վտանգը կախված է երկրի գլխին»,-ասաց նա:
Ես շարժման առաջին օրերից հայտարարել եմ, որ ես այս շարժման եւ զինվորն եմ, եւ առաջամարտիկն եմ, եւ պատասխանատուն եմ, եւ շարժման ելքի ու արդյունքների համար ունեմ եւ քաղաքական, եւ անձնական պատասխանատվությու․ ասուլիսի ժամանակ նշեց Իշխան Սաղաթելյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ օգոստոսի 2-ից հետո «Դիմադրության» շարժումը որպես վարչապետի թեկնածու առաջ քաշի իր թեկնածությունը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Որեւէ մեկի համար գաղտնիք չի եղել, որ շարժման աշխատանքները համակարգել եմ ես, վերջնական որոշումներն ըդնունելու պատասխանատվությունը դրված է եղել ինձ վրա: Այդ համաձայնությանը եկել ենք շարժմանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ խորհրդակցելուց հետո:
Ինչ վերաբերում է հետագա պրոցեսներին՝ առաջնորդ, վարչապետի թեկնածու, մենք հենց առաջին օրվանից ասել ենք՝ այն մարդիկ, որոնք գալիս են եւ գալու են այս հրապարակ, չեն գալիս ինչ-որ մեկին վարչապետ դարձնելու համար:
Նիկոլ Փաշինյանին հեռացնելը շարունակում է մնալ մեր գլխավոր օրակարգը, բայց օգոստոսից հետո այդ գործիքակազմին ավելանում է եւս մեկը՝ պաշտոնանկության գործընթացը: Դրա համար պետք է երկու ուղղությամբ աշխատանք։ Առաջին՝ պաշտոնանկության համար քաղաքական եւ իրավական հիմքերի ստեղծում, որն առկա է, սրա հանրային, ժողովրդական պահանջի դրսեւորում եւ երկրորդ՝ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում:
Մենք այս գործընթացը կմեկնարկենք այն ժամանակ, երբ հաջողության հասնելու բավարար հիմքեր կլինեն: Այդ ժամանակ, օրենքն է նաեւ պահանջում, որ երբ գնում ես պաշտոնանկության գործընթացով, պարտավոր ես ներկայացնել ժողովրդի կողմից վստահություն վայելող թեկնածու: Երբ կմտնենք այդ օրակարգի մեջ, այդ ժամանակ կքննարկենք նաեւ այդ հարցը: Այս պահին մեր մեջ վարչապետի թեկնածուի քննարկում տեղի չի ունեցել»:
Այդ մանդատները իրենց հոր տնից չեն բերել, որ զրկեն, այդ մանդատները մեզ տվել է ժողովուրդը․ ասաց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ այսօր արած այն հայտարարությանը, թե հանրային պահանջ կա իրենց մանդատներից զրկելու եւ այդ հարցը քննարկվում է:
«Անցած տարի 270 հազար քաղաքացի մեզ քվե է տվել այն ծրագրի համար, որը մենք ներկայացրել ենք: Այսօր մեր երկրի ու ժողովրդի կենսական շահերի օրակարը փողոցում է: Մեզ մանդատ տված ժողովրուրդը մեզնից ունի այդ ակնկալիքը: Մենք հստակ հայտարարել ենք, որ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով: Կլինեն օրակարգեր, որոնք կսպասարկեն մեր հայտարարած նպատակներին, մենք կլինենք ԱԺ-ում: Հակառակ պարագայում չենք գնալու մասնակցենք անիմաստ, երկրորդական օրակարգերի: Ինչ վերաբերում է մանդատերից զրկելուն՝ կարո՞ղ են, թող անեն»։
Իշխան Սաղաթելյանը նաեւ հայտարարեց, որ իրենք մանդատները վայր դնելու հարց չեն քննարկում, որովհետև այդ մանդատները ճիշտ օրերին և ճիշտ պահերին անհրաժեշտ են լինելու հաջողության հասնելու համար։
«Միշտ իմացեք, վերջին հաշվով այդ փոփոխությունը տեղի է ունենալու խորհրդարանում և այդ մանդատները այդ օրը, այդ ժամին անհրաժեշտ են լինելու։ Սա չի նշանակում կախվել մանդատներից, մի տարի առաջ, երբ փողոցային պայքարի մեջ էինք, այդ ժամանակ մանդատ չունեինք, մեր պայքարը դրանով պայմանավորված չէ, բայց գալու է օր, երբ այդ մանդատները պետք են գալու վերջնական փոփոխության հասնելու համար»,- ասաց նա։
Առաջիկա հանրահավաքներից մեկի ժամանակ շատ մանրամասն քարտեզներով կնկարագրենք այն բոլոր վտանգներն ու աղետները, որ Բերձորի հանձնման ծրագիրը չոքելու է մեր դռանը: Մենք ամեն բան անելու ենք դրա դեմ, դա խայտառակություն է. նշեց Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով մոտ ժամանակներս Բերձորի շրջանի` թշնամուն վերջնական հանձմանը փաշինյանական դավաճանական իշխանությունների կողմից:
«Այդ այլընտրանքային ճանապարհի դեպքում մեր ողջ կոմունիկացիաները` կապ, էլեկտրաէներգիա, գազ, մնալու են թշնամու տիրապետության տակ: Այդ ճանապարհի մեր հատվածը դեռ կառուցված չի: Դրա իրականություն դառնալու ժամանակ կորցնելու ենք այս պահին բնակեցված հայկական բնակավայրերը` օրինակ Աղավնոն: Եթե սրանք մնան` վերջն դա է լինելու: Ամեն բան պետք է անենք, որ դա տեղի չունենա: Մեր պայքարի հիմնական ուղղություններից մեկը նաև լինելու է դա, որ մարդկանց տեղ հասցնենք այս ամեն ինչը, այս վտանգները:
Մեր խնդիրներից մեկն էլ այն է եղել, որ չենք կարողացել մեր երկրին սպառնացող վտանգները մտցնել յուրաքանչյուր հայի տուն: Դեռ մարդիկ կան, որ հավատում են, որ այս պայքարը իշխանության համար է:
Վտանգ կա՞, որ կարող է հաջողության չհասնենք, դա կախված է մեզնից․ շեշտեց Իշխան Սաղաթելյանը:
«Այս շարժման պարտությունը ժողովրդի պարտությունն է: Ընդ որում, ասեմ, որ այս շարժումը և այս գաղափարախոսությունը իշխանափոխությունով չի ավարտվում, ավելին՝ իշխանափոխությունից հետո սա դառնալու է հաջորդ իշխանության հիմնական գաղափարախոսական դրույթներից մեկը, որովհետև այս շարժման նպատակն է կանխել Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը, Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները: Սա մի օրակարգ է, որ իշխանափոխությունից հետո ևս պետք է իրականացվի: Անհնար է այս շարժումը չհաջողի»: