կարևոր
586 դիտում, 1 շաբաթ առաջ - 2022-06-16 10:07

Կապառո՞սն է ավելի համառ, թե՞ Նիկոլը. «Փաստ»

Կապառո՞սն է ավելի համառ, թե՞ Նիկոլը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայտնի ասացվածքը մի փոքր փոխելով՝ պետք է արձանագրենք, որ հաջողությունների տերը բոլորն են, իսկ անհաջողությունների գլխավոր մեղավորը «շեֆն» է: Այդպես է թե՛ ֆուտբոլում, թե՛ քաղաքականության մեջ, թե՛ այլ ոլորտներում:

Այդպես է, ու դրա համար պետք չէ նվնվալ կամ արդարանալ... Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նախօրեին հերթական ծանր պարտությունը կրեց: Սակայն խնդիրը նույնիսկ պարտությունը չէ, դրանից մենք, մեղմ ասած, երբեք «ապահովագրված» չենք եղել, այլ բուն խաղը: Նախ՝ մտահոգիչ է ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը, և դա միայն մեկ խաղի մասին չէ: Երկրորդ՝ հավաքականն ակնհայտորեն վերածվել է «առաջին խաղակեսի» թիմի: Չենք վիճում, Կապառոսը լավ մարզիչ է, բայց գոնե Հայաստանի հավաքականում նա այլևս ոչ մի նոր բան չի առաջարկում, նրա մտահղացումներն արագ «որսում» են հակառակորդ թիմերի մարզիչները:

Նա բաց է թողել նաև թիմի «թելը», դա չափազանց ակնհայտ է երևում: Արդյունքում, պետք է ընդունենք, որ մեր բոլոր պարտությունները հիմնականում երկու պատճառ են ունեցել՝ հոգեբանական ու մարզչական: Ի դեպ, Կապառոսն էլ է ասում՝ եկեք գնահատենք առաջին խաղակեսը: Իսկ ինչո՞ւ միայն մեկ խաղի առաջին կեսը:

Եկեք Կապառոսին գնահատենք անցած տարվա գարնանային շրջանի երեք խաղով, երբ միանձնյա գլխավորում էինք մրցաշարային աղյուսակը: Հետո ի՞նչ, որ հետագայում ձախողվեցինք, որ խայտառակ հաշիվներով պարտություններ կրեցինք (այդ թվում՝ ընկերական խաղում): Կատակը՝ կատակ, բայց թվում էր՝ Կապառոսը պետք է հեռանա անցած տարվա 0:9 հաշվից հետո:

Չհեռացավ: Չհեռացավ նաև Ազգերի լիգայի երեք անընդմեջ պարտություններից հետո, որոնցից երկուսը՝ խոշոր հաշվով: Նա շարունակում է մեղավորներ փնտրել, հաճախ որպես մեղավոր «նշանակում» է բախտին, հայտարարում է , որ ինքը պայմանագիր հարգող է և այլն: Ծանոթ պատմություն է, չէ՞: Մեկն էլ կա՝ պատերազմում խայտառակ պարտությունից, հսկայական տարածքների կորստից հետո շարունակում է կառչած մնալ իր աթոռին՝ մեղավոր «նշանակելով» այլոց: Տեսնենք, թե այդ երկուսից որն ավելի համառ կգտնվի...

Հ.Գ.-Ի հավելում՝ կարճ անդրադարձ Շոտլանդիայի հետ խաղի հետ կապված ոմանց «արդարացումներին»: Այո, մրցավարը շատ վատն էր, խայտառակ թույլ, բայց այդ խաղում մենք ինքներս մեր «գլխին սարքեցինք»: Ինչ վերաբերում է շոտլանդացիների սադրանքներին, ապա դա էլ է ֆուտբոլի «ատրիբուտ»: Սադրանքի պետք չի ենթարկվել. սա նկատի ունենք նաև՝ խոսելով հոգեբանական գործոնի մասին: Կարող եք, դուք էլ սադրեք, ոչ թե մի քանի դեղին ու երկու կարմիր քարտ ստացեք «չեղած տեղից»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում