կարևոր
1318 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-15 17:25

Թագուհի Թովմասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության հետ

Թագուհի Թովմասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 15-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության բաժինը։

Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Լիլիթ Գալստյանը («Հայաստան» խմբակցություն) եւ Աննա Մկրտչյանը («Պատիվ ունեմ» խմբակցություն):

Ողջունելով հյուրերի այցը մեր երկիր՝ Թագուհի Թովմասյանը երախտագիտություն է հայտնել Մարգարետա Սեդերֆելտին՝ իր նամակներին արձագանքելու համար, որոնցում անդրադարձել է նաեւ Արցախի խնդիրներին եւ արցախահայության իրավունքներին: Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մասին՝ նա մտահոգիչ է համարել ադրբեջանական զինուժի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք: Հանձնաժողովի նախագահը հյուրերի ուշադրությունը հրավիրել է սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների պաշտպանության խնդրի վրա՝ նշելով, որ դրանք պարբերաբար ոտնահարվում են ադրբեջանցիների կողմից: Կարեւորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ նա, միեւնույն ժամանակ, անընդունելի է համարել պարտադրված խաղաղությունը եւ հավելել, որ այդ ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրվում: Թագուհի Թովմասյանը խնդիրների լուծման հարցում կարեւորել է միջազգային հանրության գործուն աջակցությունը:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ կարծիք հայտնելով, որ հակամարտությունը դեռեւս լուծված չէ: Ընդգծվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ արցախահայերի՝ իրենց հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու կարեւորությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի ոչ ակտիվ գործունեությանը: Բարձրացվել է 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցը եւ այս առումով ընդգծվել ԵԱՀԿ-ի դերակատարությունը:

Պատգամավորները մանրամասներ են ներկայացրել մեր երկրի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ: Նրանք նշել են, որ վերջին շրջանում ընդդիմության կազմակերպած հավաքների ընթացքում տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտման ու խոսքի ազատության ոտնահարման դեպքեր:

Կողմերն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ դերակատարությանը, ժողովրդավարական գործընթացներին ԵԱՀԿ ԽՎ աջակցության ձեւաչափին, մեր երկրում ժողովրդավարական կառույցների հզորացմանն ուղղված քայլերին եւ այլ հարցերի: