28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները նորից աչքի են ընկել հակասական, իրարամերժ հայտարարություններով: Կատարում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ձեւավորված Սահմանազատման հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ որեւէ կապ չունի: Մինչդեռ, ընդամենը օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երեւանում վստահեցնում էր, որ ասենք՝ Արցախի Փառուխ գյուղի հարցը կլուծվի սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում, ինչն առաջացրել էր Բաքվի դժգոհությունը: Թե ինչու կապ չի տեսնում հանձնաժողովի աշխատանքների ու արցախյան հիմնախնդրի կարգավորման միջեւ, Փաշինյանն, ամեն դեպքում, փորձում է բացատրել:
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Փաշինյանի համոզմամբ, չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին: Ավելին, արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի գործած տարբեր ռազմական հանցագործություններին Հայաստանի վարչապետը հարցազրույցում ընդամենը տվել է «բռնություն» բնորոշումը, երբ նույն համատեքստում նշել է` հայտարարությունն այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղում «բռնությանը վերջ դնելուն» միտված քայլ էր:
Լրագրողը նաեւ հետաքրքրվել է՝ ինչպիսին է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն միջանցքի նկատմամբ, որն անցնելով Հայաստանի տարածքի միջով՝ ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը եւ Թուրքիան:
Իսկ Բաքվում վստահությամբ սպասում են այսպես ասած Զանգեզուրի միջանցքի բացմանը: Հիմա էլ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարն է հայտարարել, թե իբր Երեւանն արդեն կորցնում է այդ հարցում խոչընդոտներ ստեղծելու կարողությունը: Ռամիլ Ուսուբովը պատճառաբանել է, թե Իրանի հետ Ալիեւի նախաձեռնությամբ ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Իրան-Հայաստան սահմանից 5 կմ հարավ կկառուցվի այսպես կոչված «Արեւելյան Զանգեզուրն» ու Նախիջեւանը կապող նոր տրանսպորտային հանգույց:
Ուսուբովը նաեւ հոխորտացել է, թե պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները դեմ առ դեմ ու առցանց ռեժիմներով 7 հանդիպում են անցկացրել Ռուսաստանի, Եվրոպական խորհրդի եւ Ֆրանսիայի նախագահների նախաձեռնությամբ, որոնց շրջանակում, նրա պնդմամբ, Ալիեւի խնդրանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եւ կարգավիճակ բառերը չեն կիրառվել: «Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին Բաքվի հետ հաշտության պայմանագիր կնքելու մանդատ է տվել»,- հայաստանյան իշխանականների մշտական խոսքը կրկնել է նաեւ ադրբեջանցի պաշտոնյան:
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում