կարևոր
1321 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-14 15:50

Արարատ Միրզոյանն ու Բուլղարիայի նախագահը կարևորել են «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ աշխատանքների իրականացումը

Արարատ Միրզոյանն ու Բուլղարիայի նախագահը կարևորել են «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ աշխատանքների իրականացումը

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Շնորհավորելով միմյանց Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ կողմերը նշել են, որ երեք տասնամյակների ընթացքում երկու երկների միջև համագործակցությունը զարգացել է փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա: 

Արարատ Միրզոյանը և Ռումեն Ռադևն անդրադարձել են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով խորացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթական ոլորտներում համագործակցությունը։ 

Զրուցակիցները համակարծիք էին, որ փոխայցելությունները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում, կնպաստեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող  ոլորտներում համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացմանը: Կարևորվել է նաև Բուլղարիայի հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրներն իրար կապող կարևոր կամրջի։

Անդրադառնալով տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում միջազգային համագործակցության հեռանկարներին՝ զրուցակիցները կարևորել են «Պարսից ծոց-Սև ծով»  տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքների իրականացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: 

Նախարար Միրզոյանը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:  

Երկուստեք շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Այս առումով նախարար Միրզոյանը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը` ուղղված ԼՂ հակամարտության տևական լուծմանը, և բարձր գնահատել Բուլղարիայի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ի թիվս այլ հրատապ լուծում պահանջող  հումանիտար հարցերի՝ շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրեդադարձման, Արցախում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը: 

Հայաստանի ԱԳ նախարարը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը: