կարևոր
547 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-06-13 21:52

Քրեական նոր օրենսգրքում չի ներառվի ծանր վիրավորանքը քրեականացնելու մասին հոդվածը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քրեական նոր օրենսգրքում, որն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ից, չի ներառվի ծանր վիրավորանքը քրեականացնելու մասին հոդվածը, որը մոտ մեկ տարի առաջ` 2021 թ. օգոստոսի 30-ից նախորդ գումարման Ազգային ժողովը քրեականացրել էր։ Նախագիծն ընդունվել էր միայն իշխանական պատգամավորների ձայներով, սահմանվել պատիժ՝ մինչեւ 3 միլիոն դրամ տուգանք կամ կալանք 1-ից 3 ամիս ժամկետով: 
Ծանր վիրավորանքի տարբեր հատկանիշներով անցած 9 ամսում մոտ 1000 քրեական գործ է հարուցվել: Արդեն դատարան է ուղարկվել 48 գործ, որոնցից 6-ով կայացվել են մեղադրական դատավճիռներ: Օրենքը ապաքրեականացնելուց հետո նշված բոլոր գործերը կարճվելու են, կայացված դատավճիռները՝ չեղարկվելու: Սակայն նրանք, ովքեր անցնում են այս գործով ոչ թե կարդարացվեն, այլ գործերը կկարճվեն ապաքրեականացման հիմքով: 
«Քրեական նոր օրենսգրքից «Ծանր վիրավորանքի» հոդվածից հրաժարվելը ոչ թե Կառավարության մեծահոգությունն է, ինչպես ներկայացվում է, այլ հարկադրված քայլ»,- այս մասին ֆեյսբուքյան գրառում էր արել նաեւ Մարդու Իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ու մանրամասնել, որ Քրեական նոր օրենսգիրքը մշակած աշխատանքային խումբը նախագծում այդ հոդվածը չէր ներառել ու չէր էլ ներառելու: Նախկին օմբուդսմենի խոսքով աշխատանքային խումբն ի սկզբանե ձեվավորվել էր այնպես, որ դուրս լինի քաղաքական ազդեցությունից, սակայն նախագիծն ընդունվել էր միայն քաղաքական որոշմամբ ու ընթացակարգային կոպիտ խախտումներով, եւ այս կերպ Քրեական օրենսգիրքը ծառայեցվել է մեկ քաղաքական ուժի` «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության քաղաքական շահերին: 
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով միջազգային կառույցների լրջագույն ճնշումների արդյունքում իշխանությունները ոչ թե հանում են այս օրենքը, այլ չեն ներառում նոր քրեական օրենսգրքում: Միջազգային կառույցների հայտարարություններում շեշտվում է, որ ծանր վիրավորանքի քրեականացումը վնաս է հասցնում խոսքի եւ կարծիքի ազատությանը: 
Այնուամենայնիվ պահպանվելու է վարչական պատասխանատվություն մինչեւ 3 միլիոն դրամ տուգանքի չափով: 

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում