Վերաքննիչ քրեական դատարանն այսօր պետք է քններ գեներալ Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշման իրավաչափությունը: Սակայն նիստը նախագահող դատավոր Տիգրան Սիմոնյանը չի ներկայացել նիստին: Դատարանը փաստաբան Միհրան Պողոսյանին հրաժարվել է տրամադրել գործի նյութերը: Միհրան Պողոսյանը ֆեյսբուքի ուղիղ եթերով ցույց է տվել դատարանի դատարկ դահլիճը։
Փաստաբան Միհրան Պողոսյանը հավաստում է՝ Իգոր Խաչատուրովը ենթարկվում է քաղաքական հետապնդման: Տեղի ունեցողը ըստ փաստաբանի ուղղորդվում է ԲԴԽ-ի կողմից։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը իր խոսքն ուղղեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին: Պատգամավորը նկատում է, որ Իգոր Խաչատուրովի կալանավորումը հարկավոր է բացառապես Ադրբեջանին եւ չի բացառում, որ կատարվածը Ադրբեջանի պատվեր է։
ՀՅԴ ԳՄ անդամ, Աժ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կատարվածը իրավական առումով «բեսպրեդել» է համարում: Կատարվածը Սահմանադրության, օրենքների եւ ընդհանրապես նվազագույն կանոննների խայտառակ ոտնահարում է,- ընդգծում է Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին, քառօրյա պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովը մեղադրվում է ոստիկանին հարվածելու մեջ: Նա կալանավորվել է մեկ ոստիկանի ցուցմունքով: Նրան առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ընդդիմադիր գործիչները փաստում են, որ մեղադրանքը շինծու է:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը