Արտգործնախարարների ժամանման ընթացքում Բաղրամյան 26-ում տիրող լռությունը խախտում էին ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա հավաքված, ոստիկանական պատնեշի այն կողմում գտնվող ընդդիմադիրների՝ «Նիկո՛լ, հեռացի՛ր» վանկարկումները:
Նախագահի նստավայրի մուտքի մոտ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարին եւ արտգործնախարարներին դիմավորում է Արարատ Միրզոյանը: Սերգեյ Լավրովը մի փոքր ուշացումով ժամանում է վերջինը: Համատեղ լուսանկար եւ փակ դռների հետեւում մեկնարկում է նեղ կազմով նիստը: Ծրագրված 40 րոպեի փոխարեն, այն տեւում է ավելի քան մեկ ժամ, ինչի պատճառով փոփոխվում է օրակարգը: Ընդլայնված կազմով նիստը սկսելու փոխարեն՝ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները տեղավորվում են մեկ մեքենայի մեջ եւ ուղեւորվում կառավարություն, որտեղ նրանց, ըստ ծրագրված ժամի, սպասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անցուդարձին լրագրողները հետեւում են նախագահի նստավայրի բակում տեղադրված վրաններից:
Փաշինյանը նախարարների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանը շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, եւ բոլոր ճանապարհները, որոնք պետք է բացվեն, գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են: Վարչապետի խոսքով՝ «միջանցքային» տրամաբանություն չի կարող լինել, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում Փաշինյանն առանցքային է համարել կարգավիճակի հարցը:
Բաղրամյան 26 վերադառնալուն պես մեկնարկում է ընդլայնված կազմով նիստը: Իր ելույթում՝ Հայաստանի արտգործնախարարը նշում է, թե ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի անհրաժեշտությունը, որպես անվտանգության դոնոր, աճելու է ու դուրս գալու Եվրասիական տարածաշրջանի սահմաններից: Նախարարները ստորագում են փաստաթղթեր, ընդունում համատեղ հայտարարություն, որում խորը մտահոգություն են հայտնում միջազգային անվտանգության համակարգի շարունակվող դեգրադացիայի կապակցությամբ:
Նիստի արդյունքներն ամփոփում են Հայաստանի արտգործնախարարն ու ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը: Արարատ Միրզոյանը պատմում է՝ անդրադարձել են ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը, ինչը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններից է:
Ստանիսլավ Զասի խոսքով՝ հավաքական անվտանգության բոլոր երեք ուղղություներով էլ իրավիճակը իրապես բարդ է՝ նկատի ունենալով կովկասյան, կենտրոն-ասիական եւ արեւելա-եվրոպական տարածաշրջանները: Վերջինում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պնդմամբ, իրադրությունը գնալով վատթարանում է: Ռուս-ուկրաինական պատերազմի արդեն 107-րդ օրն է: Ռուս լրագրողների հետ ճեպազրույցում Ռուսաստանի արտգործնախարարը հայտնում է, որ առաջին անգամ ՀԱՊԿ-ի շրջանակում ամրագրվել է անվտանգության անբաժանելիության սկզբունքը, երբ ոչ մի երկիր չի ամրապնդի իր անվտանգությունը ցանկացած այլ երկրի անվտանգության հաշվին:
Վերջում շրջանառության մեջ դրվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված փոստային նամականիշ: ՀԱՊԿ արտգործնախարարների հաջորդ նիստը կանցկացվի նորից Երեւանում՝ այս տարվա արդեն չորրորդ եռամսյակում:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում