կարևոր
841 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-06-10 20:58

Բագրատ Եսայանին բերման ենթարկեցին առանց ծանուցելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ «Երկիրն այսօրի» լրատվական թիմով առավոտյան հերթական ժողովի ժամանակ օրվա լրահոսի թեմաներն էինք որոշում, թեման ինքը եկավ մեզ գտավ: Մի քանի րոպեից տեղական լրահոսի թոփ նյութն էր. ձերբակալվել է «Երկիր Մեդիա» հեուստաընկերության տնօրենը: 
Հեռուստաընկերության անվտանգության աշխատակիցն է պատմում. ԱԱԾ քննիչները շենք մտնելիս չեն ներկայացել ու չեն համբերել, որ նա տնօրենին տեղեկացնի հյուրերի մասին: 
Բագրատ Եսայանին ձերբակալելուց կարճ ժամանակ անց արդեն նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարան: Եսայանը 2021 թվականի ապրիլին Դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի առթիվ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործով ամբաստանյալ է: Գործը դատաքննության փուլում է ավելի քան կես տարի: Այդ ընթացքում Եսայանի խափանման միջոցը եղել է չհեռանալու մասին ստորագրությունը, նա ներկայացել է բոլոր դատական նիստերին, եւ միայն կես տարի անց ԱԱԾ քննիչը միջնորդել է խափանման միջոցը փոխարինել կալանքով՝ պնդելով, որ նա կարող է խուսափել կամ խոչընդոտել քննությանը: Իսկ միջնորդության հիմքում կրկնակի հանցագործության կասկածն է, ընդ որում երկրորդ ենթադրյալ հանցագործություն է համարվում շատ ավելի վաղ՝ դեռ 2020 թվականի նոյեմբերին՝ այսինքն ենթադրյալ առաջինից մոտ կես տարի առաջ հարուցված քրեական գործով առաջադրված մեղադրանքը: 
Հիշեցնեմ, որ 2020 թվականի քրեական գործը հարուցվել էր նոյեմբերի 9-ի գիշերը մասնագետների որակմամբ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Ազատություն ռադիոկայանի գրասենյակ մտնելու փաստի առթիվ՝ լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու ու զանգավածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով: 
Բագրատ Եսայանի ազատարզկումը քաղաքական հետապնդում է համարում նաեւ «Երկիր Մեդիա»-ի լրատվական հաղորդումների նախկին ղեկավար, ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա վստահ է, որ կատարվողը հեռուստաընկերության դեմ տարվող արշավի մի մասն է։

Մանրամասները ներկայացնում է Անահիտ Հովհաննիսյանը