կարևոր
1738 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-09 16:28

Սերժ Սարգսյանի գործով վկաները չեն ներկայացել դատական նիստին. նիստը հետաձգվեց մեկ ամսով

Սերժ Սարգսյանի գործով վկաները չեն ներկայացել դատական նիստին. նիստը հետաձգվեց մեկ ամսով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը, որը, սակայն կարճ տևեց։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօրվա դատական նիստում պետք է հարցաքննվեին գործով երկու վկաները, որոնք չէին ներկայացել դատական նիստին։

Նկատի ունենալով, որ վկաներից մեկի հարցաքննությունը կիսատ էր մնացել, դատարանը նպատակահարմար չի գտել այլ վկաներին հարցաքննելը։ Երրորդ նախագահի պաշտպաններն էլ հայտարարեցին՝ կարևոր հարցադրումներ պետք է ներկայացնեն։ Դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով։ Վկաները կհարցաքննվեն հուլիսի 7-ին։

Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: