կարևոր
535 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-06-08 21:09

Դատական համակարգում բազմաթիվ խնդիրներ կան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 5-ից վերագործարկվել է էլեկտրոնային մակագրման դատական համակարգը: Համակարգի վերականգնումից հետո էլ որոշ դեպքերում քաղաքական ենթատեքստ ունեցող գործերը շարունակվում են մակագրվել իշխանությունների շահերը սպասարկող դատավորներին: 
Փաստաբանն արձանագրում է՝ ԲԴԽ-ի որոշումը պետք է ավելի նվազ ուժ ունենա, քան օրենքը: Օրենքում հստակ ձեւակերպված է, որ դատական գործերի բաշխումը պետք է լինի էլեկտրոնային տարբերակով, եթե չկա անհնարինություն։ 
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը նկատում է՝ համակարգը չգործեց բավականին երկարատեվ ժամանակ: Դատական գործերը մակագրվում էին ձեռքով, դատարանի նախագահի կողմից։ 
Դատավորը ընդգծում է մայիսի 5-ից մինչ այսօր իրեն մակագրվել է 15 քրեական գործ, բոլոր գործերը մակագրվել են էլեկտրոնային եղանակով: Դատավորը զարմանում է, թե ինչու են իրեն այդքան շատ գործեր մակագրվում, բայց կասկածի տակ չի դնում էլեկտրոնային համակարգի անաչառությունը։
Հիշեցնենք, որ դատական գործերի էլեկտրոնային մակագրման ձեւը դադարեց գործել, երբ նախորդ տարվա ամռանը Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված մի քրեական գործով առգրավվեցին դատարանների համակարգչային ծրագրերի սերվերների մուտքի եւ կառավարման բանալիները: Մի շարք փաստաբաններ ու ընդդիմադիր գործիչներ պնդում էին, որ քաղաքական հնչեղություն ունեցող գործերը մակագրվում են իշխանությանը ցանկալի դատավորներին: Տեղի ունեցածը որակվել է որպես անձի արդար դատաքննության իրավունքի ոտնահարում: 

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում