կարևոր
1048 դիտում, 5 ամիս առաջ - 2022-06-08 19:42

Անկարայում հանդիպել են Լավրովն ու Չավուշօղլուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անկարայում Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը սկսվում է ջերմ մթնոլորտում: Չավուշօղլուն Լավրովին ողջունելիս դիմում է անգլերեն «իմ ընկեր» դիմելաձեւով, հարցնում որպիսության մասին: 
Ուկրաինա, Սիրիա, Հարավային Կովկաս. այս հարցերի շուրջ բանակցությունները փակ դռների հետեւում տեւել են մոտ 2 ժամ: Համատեղ ասուլիսի ժամանակ Լավրովը հայտնել է՝ թուրք նախարարի հետ պայմանավորվել են՝ ինչպես շարունակել աշխատանքը Հարավային Կովկասում, խոսել են Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի երկրորդ հանդիպումը նախապատրաստելու մասին: 
Չավուշօղլուն էլ պատմել է, որ խոսել են նաեւ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից եւ թուրք նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ ցուցաբերած աջակցության համար: 
Օրակարգի գլխավոր հարցը՝ Ուկրաինան էր, պատերազմի մեջ գտնվող երկրից ցորենի արտահանման խնդիրը: Արեւմուտքը մեղադրում է Մոսկվային՝ Ուկրաինայից ցորենի փոխադրումը միջազգային շուկաներ խափանելու եւ աշխարհում պարենային ճգնաժամ ստեղծելու համար, մինչդեռ՝ Ռուսաստանը պնդում է, որ երբեք խոչընդոտներ չի ստեղծել: Այստեղ միջնորդի դերով նորից հարթակ է բարձրանում Թուրքիան: Չավուշօղլուն ասել է, որ պատրաստ են Ստամբուլում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի միջեւ՝ Սեւ ծովում «հացահատիկի արտահանման միջանցք» ստեղծելու ՄԱԿ-ի նախաձեռնության հարցով: Ռուսաստանն իր պայմանն ունի: 
Լավրովը նշել է, որ չի կարծում, թե ուկրաինական հացահատիկի՝ նավահանգիստներում արգելափակված լինելու փաստը որեւէ կերպ ազդում է համաշխարհային պարենային անվտանգության վրա: Ամեն դեպքում, Ռուսաստանի գլխավոր դիվանագետը շեշտել է՝ եթե Ուկրաինան համաձայնի ականազերծել իր նավահանգիստները, Մոսկվան չի օգտվի եւ չի օգտագործի Կիեւի այդ քայլը ռազմական հատուկ գործողության ընթացքում: Եվ սա, Լավրովը հիշեցնում է, Ռուսաստանի նախագահի տված երաշխիքն է: 
Խոսելով Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման մասին՝ Լավրովը նշել է, թե Ուկրաինայի նախագահի համար այդ հանդիպումն ինքնանպատակ է, նա անընդհատ փոխում է իր տեսակետը: Ամեն դեպքում, ռուս դիվանագետը պնդել է, որ նման հանդիպման համար նախ պետք է, որ ռուս-ուկրաինական պատվիրակություները վերսկսեն բանակցությունները եւ գնդակը արդեն 2 ամիս է Ուկրաինայի դաշտում է: 

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը