կարևոր
451 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-06-08 14:44

Աշնանը Shell-ը կգործարկի նոր որակի բենզալցակայանների ցանց. ընկերությունը բացառում է Ադրբեջանից վառելիքի ներկրումը Հայաստան

Աշնանը Shell-ը կգործարկի նոր որակի բենզալցակայանների ցանց. ընկերությունը բացառում է Ադրբեջանից վառելիքի ներկրումը Հայաստան

Այս տարվա աշնանը Հայաստանում Shell ընկերությունը կգործարկի նոր որակի և ստանդարտների համապատասխան  բենզալցակայանների ցանց` բավարարելով հայկական շուկայում ոլորտի սպասարկման և նոր մոտեցումների կարիքը:

Բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը, որը մասնագիտացված է նավթի, բնական գազի  արտադրության, վերամշակման և արտահանման ոլորտում, աշխարհում ամենաճանաչված ապրանքանիշերից մեկն է:

Դեռ 2017 թվականից մեկնարկած բանակցությունների արդյունքում` հաշվի առնելով, թե՛ վառելիքի որակը, թե՛ բենզալցակայանների ստանդարտներն ու մոտեցումները, ներկրող ընտրությունը կանգ առավ հոլանդա-բրիտանական հանրահայտ կոնցեռնի, վառելիքի շուկայի առաջատար Shell-ի վրա:

Shell -ը ներկայացված չէ հարևան Ադրբեջանում և որևիցե կապ չունի Ադրբեջանի նավթարդյունաբերության հետ, հետևաբար և բացառվում է  Ադրբեջանից վառելիքի ներկրումը Հայաստան, ինչպես նաև դրա վաճառքը: Դա էլ եղել է Հայաստանում ընկերությունը ներկայացնող կազմակերպության կարևոր պահանջը: Այսինքն, հասարակության շրջանում տարածված լուրերը, թե վառելիքը ներկրվելու  է Ադրբեջանից, իրականությանը չեն համապատասխանում: 

Նախատեսվում է, որ Հայաստան վառելիք կներկրվի այն երկրներից, որտեղ Shell -ն ունի նավթամշակման արդյունաբերություն կամ այլ համագործակցություններ: Սկզբնական շրջանում որպես այդպիսին դիտարկվում է  Հունաստանը։

Աշխարհի խոշորագույն Shell նավթագազային կորպորացիան ստեղծվել է «Royal Dutch Petroleum» և «Shell Transport & Trading» ընկերությունների միավորման արդյունքում և ներկայումս եկամտաբերությամբ աշխարհում գրավում է երկրորդ տեղը: Moody’s-ի տվյալների համաձայն ՝ 2018թ-ի ամենաշահութաբեր 7 ընկերություններից է: Այն գործում է 70-ից ավելի երկրներում:

Shell-ն առաջին համաշխարհային նավթային ընկերություններից է, որը մշակել և առաջարկել է համաշխարհային էներգետիկ շուկայի ապագա զարգացման սցենարներ, որը  թույլ է տալիս ընկերություններին կառուցել իրենց զարգացման ռազմավարությունը, կառավարել ռիսկերը, կանխատեսել և հասկանալ նավթի և գազի շուկաներում փոփոխությունների դինամիկան: