կարևոր
1438 դիտում, 11 ամիս առաջ - 2022-06-08 11:06

Եվրախորհրդարանը հերթական անգամ կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրախորհրդարանը հերթական անգամ կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրախորհրդարանը 448 կողմ, 67 դեմ, 107 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը։ Փաստաթղթում անդրադարձ կա նաև Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին և Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին։

Զեկույցը, հղում անելով Եվրախորհրդարանի 2015 թվականի ապրիլի 15-ի զեկույցին, կրկին կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Եվրախորհրդարանը մտահոգված է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին հակասում է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության ընդհանուր առաջնահերթություններին, այդ թվում՝ Կովկասում։

Եվրախորհրդարանը բարձր է գնահատում Թուրքիայի և Հայաստանի որոշումը՝ սկսելու երկկողմ շփումները և կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն աջակցել այդ գործընթացին։ Այն նաև կոչ է անում Թուրքիային ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների իրական հաշտեցման համար և ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները։

Զեկույցում թուրքական իշխանություններին կոչ է արվում ակտիվացնել ջանքերը՝ երկրում հայերի և այլ ազգային փոքրամասնությունների խնդիրների արդյունավետ լուծման համար:

Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին քննարկել «Գորշ գայլերի» արգելքը իրենց երկրներում։