կարևոր
889 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-06-07 16:39

Մովսես Հակոբյանը՝ ԳՇ պետի և ՊՆ նոր մոդելի մասին

Մովսես Հակոբյանը՝ ԳՇ պետի և ՊՆ նոր մոդելի մասին

168.am-ը գրում է․

«Հունիսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսելով ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնի մասին, ասել է, որ Պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո կստեղծվի նոր մոդել, ըստ որի՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։

«Օրենքը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում և առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով։

Բանակի կառավարման որոշակի փոփոխություն է կատարվում, դա հիմնարար փոփոխություն չէ, ամեն դեպքում Զինված ուժերը զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։ Գնում, սպասարկում, ապահովում՝ այդ ամենով պետք է զբաղվեն նախարարության կազմում գտնվող այլ վարչություններ։ Այսինքն՝ սկսած թիկունքային ապահովումից, պետք է իրականացվի ոչ զինվորականների կողմից։ Շատ բաներ լինելու են պատվիրակված»,- ասել է Սուրեն Պապիկյանը։

Ի՞նչ կտա ՀՀ պաշտպանական ոլորտին, եթե ԳՇ պետ դառնա Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, նման մոդելը որքանո՞վ է արդյունավետ։

168.am-ի հետ զրույցում  ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն անդրադառնալով վերոնշյալ հարցերին, նկատեց՝ նման կառուցվածքով Արցախի առաջին պատերազմում հայկական կողմը հաղթանակ է տարել։

«Ցանկացած մոդել արդյունավետ է, եթե աշխատեցնող կա։ Ինքս այդ մասին լսել եմ, սակայն մանրամասներին չեմ տիրապետում, գուցե այլ հարցեր կան, որոնց մասին չգիտեմ։ Այստեղ խնդիրն այն է, որ վերջնական որոշում կայացնողն արդեն դառնում է Պաշտպանության նախարարը»,- նշեց Մովսես Հակոբյանը։

Եթե լիներ ԳՇ պետ և վերջանական որոշումը կայացներ Պաշտպանության նախարարը, արդյո՞ք կհամաձայներ՝ հարցի վերաբերյալ Մովսես Հակոբյանը տվեց հետևյալ պատասխանը. «Եթե Պաշտպանության նախարարն ունակ լինի որոշում կայացնելու, ապա դա որևէ բանի չի խանգարի»»։

Կայքը հիշեցնում է, որ այս տարվա փետրվարից Զինված ուժերի Գլխավոր շտաբը պետ չունի, պետի ժամանակավոր պարտականությունները կատարում է ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։