Հունիսի 3-ին հենց այս հատվածում, ԵՄ գրասենյակի անմիջական հարևանությամբ՝ ժողովրդի վրա, կիրառվեց լուսաձայնային նռնակ: Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբկցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Ես կարծում եմ՝ սա նաև այս իշխանությունների հերթական ամոթալի էջերից մեկն է: Զարմանալին այն է, որ ԵՄ դեսպանատունը դրա մասին չի խոսում: Չի խոսում տասնյակ հարյուրավոր վնասվածքներ ստացած քաղաքացիների մասին, չի խոսում, որ խաղաղ հավաքի նկատմամբ նռնակ է օգտագործվել»,-ասաց նա և հավելեց, որ ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակները կիրառվել են առանց նախազգուշացման։
«Անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման հետևանքով խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիներ, որոնց թվում կային նաև կանայք և տարեցներ, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Վնասվածք ստացածների մի հատվածն է դիմել բուժօգնության։ Զգալի հատվածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչն էլ հիմք է տվել իշխանական ներկայացուցիչներին լրատվական դաշտ նետել թեզ, թե, իբր, բախումների արդյունքում ոստիկանների շրջանում վնասվածք ստացածների քանակը շատ ավելին է, քան ցուցարարները։
Ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման հետևանքով, իսկ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկություններով՝ կիրառված լուսաձայնային նռնակները եղել են ժամկետանց։
Ոստիկանության մի շարք ծառայողներ օրենքի կոպիտ խախտմամբ տարբերանշաններ չեն կրել։
Երբ ԵՄ-ի դեսպանատան դիմաց ոստիկանությունը խախտում է մարդու իրավունքների կոնվենցիայի բոլոր կետերը և ԵՄ դեսպանատունը լուռ է մնում, ես սա չեմ հասկանում: Սա ամենաանընդունելի երկակի ստանդարտն է: Նույն այս դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածում, իսկ հիմա լուռ է և այդ լռությամբ խրախուսում է ոստիկանական վայրագությունները»,-ասաց Վարդևանյանը: