կարևոր
853 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-06-06 16:44

Ռազմական նշանակության օբյեկտի՝ Մետրոպոլիտենի տնօրեն է նշանակվել «ռելսը շպալից չտարբերող» տնտեսագետ-բուսաբանը

Ռազմական նշանակության օբյեկտի՝ Մետրոպոլիտենի տնօրեն է նշանակվել «ռելսը շպալից չտարբերող» տնտեսագետ-բուսաբանը

«Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նոր տնօրեն է նշանակվել Սահակ Վարդանյանը: Այս մասին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական խորհրդակցությանն ասել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

 Սահակ Վարդանյանը ծնվել է 1981թ. մայիսին, Երևանում: 1987-1997թթ. ավարտել է Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը։ 1997-2002թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետում։

2002-2005թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտության և կառավարում» մասնագիտությամբ։

2005թ.-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2002-2009թթ․աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈւՊ» ընկերությունում՝ որպես գովազդի մասնագետ, ապրանքանիշի կառավարիչ, այնուհետ անալիտիկ բաժնի պետ։

2009-2013թթ․ աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈւՊ» ընկերությունում՝ որպես «Իդեալ համակարգ» խանութ-սրահների տնօրեն։

2013-2017թթ․ աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որպես գործառնական տնօրեն։

2018- 2021թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն։

2021-2022թթ․ աշխատել է «Բարսիս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն փոխտնօրեն։

168.am-ի տեղեկություններով՝ Սահակ Վարդանյանի նշանակումը Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ-ի պաշտոնում շոկի է մատնել աշխատակիցներին:

«Նախկինում բոլոր տնօրենները եղել են Մետրոյի աշխատակիցներ: Մետրոն ռազմական նշանակության օբյեկտ է. ինչպե՞ս կարելի է դիլետանտի նշանակել այդ պաշտոնում, և այն էլ այն դեպքում, երբ հիմա բուհ-երը Մետրոյի մասնագետներ չեն պատրաստում. դրանք պատրաստվում են տեղում՝ Մետրոյում աշխատելով, սովորելով ու փորձ կուտակելով: Այս մարդը Մետրոյի հետ կապ ունի այնքանով, որ ուղևոր է եղել: Շպալը ռելսից չտարբերող մարդն ինչպե՞ս կարող է աշխատել Մետրոյի տնօրեն»,- ասաց մեր աղբյուրը:

Մեր տեղեկություններով՝ Մետրոպոլիտենում ոչ ոք տեղյակ չի եղել ոչ նախկին տնօրենի ազատման, ոչ էլ նորի նշանակման նպատակի մասին:

«Հունիսի 2-ին ասացին՝ քաղաքապետը գալու է Մետրո: Եկավ, բերեց ներկայացրեց, ասաց՝ Ձեր նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է»,- ասացին մեզ:

Մետրոն, ինչպես հայտնի է, ռազմական ու ռազմավարական նշանակության կառույց է, և պատահական չէ, որ դրա պահպանությունն իրականացնում է ոստիկանությունը: Ու հիմա անհասկանալի է, թե հերթական ոչ կոմպետենտ կադրը պետական կառավարման համակարգում, մասնավորապես, Մետրոյի նման կառույցում ինչպե՞ս պետք է կազմակերպի աշխատանքներն ու լուծի խնդիրներն արտակարգ իրավիճակների, այդ թվում նաև՝ հնարավոր պատերազմի ժամանակ:

 Ի դեպ, մամուլը գրում է, որ Սահակ Վարդանյանը դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի հերթական մտերիմն է»: