կարևոր
529 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-06-04 09:59

Դատավորները աշխատավարձի 50 և 80 տոկոսի չափով հավելավճար կստանան. «Ժողովուրդ»

Դատավորները աշխատավարձի 50 և 80 տոկոսի չափով հավելավճար կստանան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Ըստ այդ նախագծում արվելիք փոփոխություններով, բարձրանալու է դատական համակարգի մի քանի ներկայացուցիչների աշխատավարձը։ Մասնավորապես, առաջարկվում է ամրագրել, որ Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին եւ դատավորին վճարվում է հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով։ Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում` Վճռաբեկ դատարանի նախագահին եւ պալատի նախագահին) սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով»:

Իսկ ինչ գումարի մասին է խոսքը։ Վճառբեկ դատարանի նախագահը ստանում է 992 հազար դրամ մաքուր աշխատավարձ, ըստ այդմ՝ նրա դեպքում հավելումը կկազմի 496 հազար դրամ։ Իսկ պալատի նախագահը ստանում է 793 հազար դրամ աշխատավարձ, դատավորն էլ՝ 760 հազար դրամ եւ համապատասխանաբար հավելումները կկազմեն 396 հազար եւ 380 հազար դրամ։ Սահմանադրական դատարանի անդամների դեպքում պատկերը հետեւյալն է․ ՍԴ նախագահը ստանում է 1 մլն 582 հազար դրամ աշխատավարձ, իսկ հավելումը կկազմի 846 հազար դրամ, փոխնախագահի աշխատավարձը՝ 859 հազար դրամ, հավելումը՝ 687 հազար դրամ, դատավորներնէլ ստանում են 793 հազար դրամ եւ հավելումն էլ կլինի 634 հազար դրամ։

Հավելենք, որ այս դրույթների ամրագրման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ակնկալվում է պետական բյուջեից տարեկան շուրջ 283 մլն 346 հազար դրամի լրացուցիչ միջոցների օգտագործում։ Նկատենք՝ այս հավելավճարները տրվում են ամեն ամիս։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում