կարևոր
1291 դիտում, 9 ամիս առաջ - 2022-06-03 11:24

Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակելու են միջազգային ճանաչմանն ուղղված իրենց ջանքերը. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակելու են միջազգային ճանաչմանն ուղղված իրենց ջանքերը. Արտակ Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները շարունակելու են միջազգային ճանաչմանն ուղղված իրենց ջանքերը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ: Արցախի անկախության միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի դիտարկել նաև հանրապետության՝ Հայաստանի կազմ մտնելու հարցը»,- հայտարարել է Բելգարյանը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն այս պահին «իրեն ուժեղ է զգում», բացի այդ՝ այդ երկիրը ռազմաքաղաքական աջակցություն է ստանում Թուրքիայից, այդ պատճառով Արցախի իշխանություններն ուղիներ են փնտրելու, որպեսզի «աստիճանաբար, քայլ առ քայլ լուծեն իրենց խնդիրները, իսկ հետագայում արդեն՝ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով»: Բեգլարյանի խոսքով՝ դրա համար Ադրբեջանը պետք է պատրաստ լինի խաղաղության:

Նա տեղեկացրել է, որ Արցախի իշխանությունները Երևանի հետ բանակցություններ են տանում Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ: «Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ բանակցություններ են տարվում, շփումներ են իրականացվում, սակայն ներկայում տվյալ հարցում առաջընթաց չկա»,- ասել է Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ կարելի է պնդել, որ Հայաստանը փաստացի ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների մեջ գործում են հորիզոնական կապեր՝ «ինչպես նմանը նմանի հետ»: